Իսրայելի միջազգային աջակցությունը պաղեստինցիների դեմ նրա ագրեսիայում նոր սպանությունների եւ ավերածությունների արտոնագիր է։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն Ռամալլահում 25 դեսպանների հետ ունեցած հանդիպման ժամանակ, տեղեկացրել է WAFA-ն։
Նա միջազգային հանրությանը կոչ է արել ստեղծել միասնական ճակատ՝ «կանգնեցնելու համար իսրայելական ագրեսիան»։
Շթայեն կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ կանխելու համար ցամաքային ներխուժումը Գազայի հատված։ Նա ավելացրել է, որ միջազգային աջակցությունն Իսրայելին կանաչ լույս է վառում նոր սպանությունների առջեւ։
«Սա վեցերորդ պատերազմն է Գազայի հատվածում։ Իսրայելի ղեկավարները որդեգրել են երկու պետության սկզբունքի վերացման գիծ եւ հետեւել «բաժանիր եւ տիրիր» սկզբունքին՝ փորձելով Գազայի հատվածն անջատել Պաղեստինի ազգային պետությունից»,- նշել է վարչապետը։
Շթայեն ասել է, որ պաղեստինցի ժողովուրդը բախվում է ահաբեկչության նաեւ Արեւմտյան ափին՝ «օկուպացիոն բանակի եւ նրա գաղութարարների կողմից»։





























