Գիտնականները պարզել են 2020 թվականին Զիմբաբվեում սավաննաների 35 փղի մահվան պատճառը։
Ինչպես գրում է nplus1.ru-ն՝ Nature Communications ամսագրին հղումով, պարզվել է, որ կենդանիները սատկել են արյան վարակումից, որն առաջացրել է, այսպես կոչված, Bisgaard տաքսոն 45-ին պատկանող գրամ-բացասական բակտերիան: Վարակի բռնկումը կարող էր հրահրել շոգ եղանակը, երաշտը և գլխաքանակի բարձր խտությունը։ Չի բացառվում, որ ապագայում կլիմայի մարդածին փոփոխությունների պատճառով փղերն ավելի հաճախ բախվեն նմանատիպ խնդիրների։
Սավաննայի փղերի (Loxodonta africana) թիվը արագորեն նվազում է որսագողության և բնակության միջավայրի ոչնչացման պատճառով: Կենդանաբանների գնահատմամբ, այժմ ամբողջ Աֆրիկայում ապրում է այս տեսակի ընդամենը մոտ 350 հազար ներկայացուցիչ։
2020 թվականին Կավանգո-Զամբեզիում փղերի մահվան հատկապես մեծ թվեր են գրանցվել: Այնուհետև մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում արգելոցի Բոտսվանայի հատվածում հայտնաբերվել է մոտ 350 անկած առանձնյակ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք մահացել են ցիանոբակտերիաներով ջրից թունավորվելու պատճառով։ Իսկ նույն տարվա օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Զիմբաբվեին պատկանող հատվածում սատկել է ևս 35 փիղ, ինչի պատճառները դեռ հայտնի չեն։
Victoria Falls Wildlife Trust-ից Լորա Ռոզենի գլխավորած թիմը որոշել է պարզել, թե ինչն է սպանել Զիմբաբվեի փղերին: Հետազոտողները նշել են, որ անկած առանձնյակների մոտ լեշակերների կամ այլ կենդանիների դիակներ չեն հայտնաբերվել, ինչը կարող է վկայել ցիանիդով կանխամտածված թունավորման մասին: Բացի այդ, սատկած փղերից ոչ մեկի ժանիքները չեն հանվել, ինչը նշանակում է, որ նրանք չեն սպանվել որսագողերի կողմից: Հինգ առանձնյակ հերձելուց և նրանց հյուսվածքները վերլուծելուց հետո Ռոզենը և նրա գործընկերները հայտնաբերել են բակտերիալ սեպսիսի և բակտերեմիայի բազմաթիվ նշաններ: Գենետիկ տվյալներից դատելով՝ փղերին սպանած բակտերիաները պատկանում են չնկարագրված տեսակի, որը հայտնի է որպես Բիսգաարդի տաքսոն 45: Նախկինում այն հայտնաբերել են առյուծների և վագրերի կողմից վիրավորված մարդկանց վերքերում, ինչպես նաև շերտավոր սկյուռերի և ընտանի թութակների մոտ։





























