Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևը կիրակի օրը հայտնել է, որ իր հյուսիսային բրիգադի հրամանատար Ահմեդ ալ-Գանդուրը և երեք այլ բարձրաստիճան ղեկավարներ սպանվել են իսրայելական հարձակման ժամանակ, հայտնում է Al Arabiya-ն։
Էզեդին ալ-Քասամ բրիգադի հայտարարության մեջ նշվում է, որ ալ-Գանդուրն իրենց ռազմական խորհրդի անդամ էր: Նշվել են նաև երեք այլ զոհված առաջնորդների անուններ, ներառյալ Այման Սիյամի անունը, որն, ըստ իսրայելական լրատվամիջոցների, եղել է բրիգադի հրթիռային ստորաբաժանումների ղեկավարը։
Գանդուրը՝ Աբու Անաս մականվամբ, 2017 թվականին Միացյալ Նահանգների կողմից մտցվել է «խիստ վտանգավոր համաշխարհային ահաբեկիչների» ցուցակի մեջ:
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Գանդուրը «մասնակցել է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների», այդ թվում՝ 2006 թվականին Քերեմ Շալոմ սահմանային անցակետում իսրայելական ռազմական հենակետի վրա հարձակմանը, որի հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինվոր և վիրավորվել չորսը:





























