Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց էլեկտրախնայողության մասին և նման դիտարկում արեց․ «Օրինակ, Հայաստանում մի այսպիսի հիվանդություն կա, որ սենյակում մարդ չկա, բայց այդ սենյակի լույսը վառվում է։ Այդ գիտակցությունը չկա, որ պետք է անջատել և դուրս գալ, որովհետև ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում»։

Այնուհետև պատգամավորը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանին հարցրեց՝ հաշվարկներ կա՞ն, թե նման դեպքերում, որքան էլեկտրաէներգիայի կարուստ է լինում։

Փոխնախարարը պատասխանեց, որ հաշվարկ չունեն։

Իշխանական պատգամավորը կարևորեց, որ էներգախնայողության համակարգին պետք է անցնել նաև փողոցային լուսավորության դեպքում. «Ես չգիտեմ՝ ինչ լամպեր են, ուղղակի կարելի է մի հրամանով լամպերի փոփոխություն անել,- նկատեց Սուքիասյանը։