Միջազգային կազմակերպված հանցավոր խմբի երեք պարագլուխներ, որոնց հետախուզում էր հայտարարել Ինտերպոլը, ձերբակալվել են Թուրքիայում։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան X սոցցանցում։
Գործողություններն իրականացվել են Անթալիայում եւ Ստամբուլում։ Նրանց հանդեպ հետախուզում էր հայտարարված Լեհաստանի, Չինաստանի եւ Գերմանիայի իշխանությունների պահանջով՝ թմրանյութերի մաքսանենգության եւ խարդախության համար, նշել է նախարարը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը ամեն օր տեղեկացնում է այն գործողությունների մասին, որոնք իրականացնում է տեղի ոստիկանությունը, այդ թվում միջազգային թմրանյութային խմբավորումների դեմ։ Անցած շաբաթ տեղեկացվել էր Ստամբուլում բրիտանական եւ չինական կազմակերպված հանցավոր խմբերի պարագլուխների ձերբակալության մասին։ Նոյեմբերին թուրքական ոստիկանությունը հաջող գործողությունների շարք էր իրականացրել թմրաբիզնեսի դեմ. ձերբակալվել են թմրակարտելների պարագլուխներ, որոնք զբաղվում էին Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրանյութերի առաքմամբ։
Երլիքայան ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունիսից Թուրքիայում իրականացվել է 132,5 հազար գործողություն թմրաբիզնեսի դեմ, ձերբակալվել է 15,3 հազար մարդ։




























