Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները եւ նշել, որ դեսպան Պավլովի պաշտոնավարման տարիներին դրանք ավելի են խորացել եւ ընդլայնվել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Պավլովին հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության, ամենօրյա հետեւողական աշխատանքի եւ անձնական ներդրման համար:

Իր հերթին դեսպան Պավլովը նշել է, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից: Հաջողություն մաղթելով դեսպան Պավլովին Նալբանդյանը նրան պարգեւատրել է ԱԳՆ պատվո մեդալով:

Ի դեպ, Պավլովին Հայաստանում փոխարինելու է Վյաչեսլավ Կովալենկոն: Կովալենկոն նախկինում Վրաստանում ՌԴ դեսպանն էր եւ լքել էր Թբիլիսին, երբ անցած տարի օգոստոսին ռազմական գործողություններ էին ծավալվել Հարավային Օսիայում եւ խզվել էր դիվանագիտական կապերը Մոսկվայի ու Թբիլիսիի միջեւ: