Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոն, այսօր` նոյեմբերի 2-ին ընդունել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանին եւ քննարկել Հայաստանի եւ Ճապոնիայի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացման հեռանկարները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների քաղաքական շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Առանձին ուշադրության է արժանացել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ 2012թ. ընթացքում կայանալիք միջոցառումների, քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ուղղվածությամբ համատեղ ծրագրերի իրականացման հարցը:

Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Էտոյի հավաստմամբ` երկրի քաղաքական շրջանակները բարձր են գնահատում Հայաստանի հետ Ճապոնիայի հարաբերությունները եւ երախտագիտությամբ են ընդունել մարտին տեղի ունեցած երկրաշարժից եւ ցունամիից հետո ՀՀ կառավարության եւ Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցությունը: