2023թ. արդյունքներով՝ Հայաստանի արդյունաբերությունը գրանցել է ընդամենը 2 տոկոսի աճ, այն դեպքում, երբ ծառայությունների ոլորտում աճը 11 տոկոս է, իսկ առեւտրում՝ 24 տոկոս։ Այս մասին հունվարի 29-ի քննարկման ժաամանակ ասել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։
Նա հիշեցրել է, որ առեւտրի եւ ծառայությունների ոլորտի աճի գործոններ են դարձել ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված գործընթացները։ Նրա կանխատեսմամբ՝ աճի միտումները նշված ոլորտներում կնվազեն, քանի որ ռուսաստանցիների հոսքը Հայաստան կպակասի։
Բուռնազյանը նշել է, որ աճը շինարարական ճյուղում կազմել է 15 տոկոս, այն դեպքում, երբ հարկային մուտքերը ոլորտի ընկերություններից ավելացել են ընդամենը 10 տոկոսով։ «Դա՝ այն դեպքում, երբ շինարարական ոլորտը պետք է նաեւ մուլտիպլիկատիվ արդյունք ունենար։ Ամենայն հավանականությամբ, խնդիրը կապված է վարչարարության հետ»,- նշել է նա։
Փորձագետն ավելացրել է, որ 1 000 ամենամեծ հարկատուների ցուցակում մտել են 237 նոր ընկերություններ։ Նրա գնահատմամբ՝ դա վկայում է այն մասին, որ կա որոշակի բարելավում բիզնես-միջավայրի զարգացման ոլորտում։ «Հարյուր ամենախոշոր հարկատուների ցուցակ է մտել Հայաստանի 18 բանկերից 14-ը՝ վճարելով 126 մլրդ դրամի հարկեր, ինչը 75 մլրդ-ով ավելի է, քան 2022թ.»,- ընդգծել է ՀԿ ղեկավարը։
Բուռնազյանի կանխատեսմամբ՝ հարկային մուտքերը լեռնարդյունահանման ընկերություններից կշարունակեն նվազել։





























