Երեքշաբթի օրը պաղեստինցիների հագուստով իսրայելցի հատուկջոկատայինները օկուպացված Արևմտյան ափի հիվանդանոցում սպանել են երեք պաղեստինցի զինյալների, հայտնել են իսրայելական ոստիկանությունն ու զինվորականները:

Իսրայելական զինվորականները հայտնել են, որ սպանված պաղեստինցիներից մեկը ՀԱՄԱՍ-ի անդամ է, որը պատրաստվում էր «հարձակում իրականացնել՝ ոգեշնչված հոկտեմբերի 7-ի ջարդից»:

Երկրորդ սպանված պաղեստինցին ՀԱՄԱՍ-ի հետ կապված «Իսլամական ջիհադ»-ի անդամ էր, իսկ երրորդը պատկանում էր Ջենինի զինյալ խմբավորմանը, ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Իսլամական ջիհադի երկու անդամներն էլ ներգրավված են եղել վերջին հարձակումներին»:

Իսրայելի սահմանային ոստիկանությունը հայտնել է, որ երեք պաղեստինցի զինյալներ են սպանվել հյուսիսային Արևմտյան ափի խոշոր քաղաքներից մեկի՝ Ջենինի Իբն Սինա հիվանդանոցում գաղտնի ստորաբաժանման կողմից իրականացված գործողության արդյունքում:

Հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են, որ իսրայելական գաղտնի ջոկատը ներխուժել է բժշկական համալիր, բարձրացել երրորդ հարկ և խլացուցիչ ատրճանակներով սպանել երեք մարդու:

«Նրանք կրակեցին երեք տղամարդու, երբ նրանք քնած էին բաժանմունքում: Նրանք սառնասրտորեն կրակել են՝ փամփուշտներ արձակելով նրանց գլխին այն բաժանմունքում, որտեղ այդ անձինք բուժվում էին», - Reuters-ին ասել է հիվանդանոցի տնօրեն Նիջի Նազալը:

Հիվանդանոցի աղբյուրները հայտնել են, որ նրանցից մեկը՝ Բազել ալ-Ղազզավին, կաթվածահար է եղել հոկտեմբերին իսրայելական զորքերի և պաղեստինցի գրոհայինների միջև բախման ժամանակ բեկորային հարվածից:

Աղբյուրները հայտնել են, որ Ղազզավին հիվանդանոցում է բուժման համար, իսկ եղբայրը՝ Մոհամմադը, մնացել է նրա մոտ՝ օգնելու համար: Երրորդը նրա ընկերն էր։

Պաղեստինի առողջապահության նախարար Մայ Ալկայլան կատարվածը անվանել է ռազմական հանցագործություն և կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին վերջ տալ նման գործողություններին։