Հայաստանում 2012-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կարող են «ժողովրդավարության տոն» լինել: Այսօր` նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ, նման կարծիք է հայտնել Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:

Նրա խոսքով, Երեւանում, հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում, քննարկվել է Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը: «Հույս ունենք, որ այդ օրենսգիրքը կնպաստի ժողովրդավարական մթնոլորտում ընտրությունների անցկացմանը: Այդ դեպքում դրանք կընկալվեն որպես ժողովրդավարական թե Հայաստանի ներսում, թե եվրոպական հանրության կողմից»,- հայտարարել է Ցաբրնոխը:

«Մենք քննարկել ենք նաեւ այնպիսի խնդիրներ, ինչպիսին է ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների հասանելիությունը հասարակությանը»,- նշել է նա ու հավելել, որ իրենց պատվիրակության անդամներից մի քանիսը ցանկություն են հայտնել որպես դիտորդ մասնակցել Հայաստանի առաջիկա ընտրություններին:

Իր հերթին, հանձնաժողովի հայ համանախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ այդ ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել ժողովրդավարական մակարդակում: «Մենք հույս ունենք, որ կարող ենք պատվով լուծել այդ գերխնդիրը»,- ասել է նա: