Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ավելի քան 10 տարի վաղեմության շինարարական կլիմայաբանության նորմերը՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։ Նոր նորմերն արդեն հաստատված են և տեղադրված arlis.am կայքում:

Լևոն Ազիզյանի խոսքով, օդերևութաբանական դիտարկումների մոտ 90 տարվա շարքում Հայաստանում ամենատաք չորս տարիները 2010, 2018, 2021 և 2023 թվականներն են եղել: Այս տվյալները նախկին շինարարական նորմերում ներառված չէին:

«Օրինակ, շինարարության մեջ խողովակաշարերը կարող են ավելի ցածր խորությամբ անցկացնել և խուսափել հավելյալ ծախսերից»,-ասաց Լևոն Ազիզյանը՝ խոսելով վերամշակված նորմերի կիրառման մասին:

«Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խնդիրներում»,-բացատրեց Լևոն Ազիզյանը: