Արտաքին քաղաքականության մեջ անշրջահայաց եւ հախուռն գործողություններով նոր իշխանությունը մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը՝ պատրաստ  չլինելով դրան ոչ դիվանագիտական, ոչ ռազմական ճակատում, ինչն ապացուցվեց 44-օրյա պատերազմի օրերին: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Փաստացի Հայաստանի եւ Արցախի համար կենսական կարեւորություն ունեցող վճռական փուլում մենք մնացինք միայնակ՝ չունենալով մեր դաշնակիցների միանշանակ աջակցությունը եւ կորցնելով հակառակորդների հետ արժանապատիվ երկխոսության հնարավորությունները: Իսկ պատերազմի բուն ընթացքում ուժային կառույցներում բարձրագույն ղեկավարության հաճախակի փոփոխությունները, իշխանությունների քաղաքականության անկանխատեսելի վարքը ցույց տվեցին, որ երկրի  ռազմաքաղաքական վերնախավը համարժեք չէ ծառացած մարտահրավերների առաջ:

2020-ի ղետներին հաջորդեցին արտաքին հարաբերություններում շարունակական նահանջ եւ ձախողումներ, որոնք իրենց գագաթնակետին հասան 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը բռնի տեղահանության ենթարկեց ԼՂ բնակչությանը: Արցախում հազարամյակներ գոյություն ունեցող հայկական պետականությունն իսպառ ոչնչացվեց:

Հայաստանի գլխին կախված վտանգը շարունակում է սպառնալ պետության կենսունակությանը»,- ընդգծեց Հայկ Մարությանը:

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։