Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Գյումրիում կնոջ սպանության դեպքից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, կնոջը սպանել էին մեկ տարի առաջ, սակայն դիակը հայտնաբերել էր սպանված կնոջ եղբայրը, ով նախօրեին ժամանել էր արտերկրից։ Սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վարդուհի Հակոբյանի աճյունը հայտնաբերվել է հյուրասենյակի հատակին՝ սավանով ծածկված։ Մարմնի մի մասը եղել է ճամպրուկում։ Հիշեցնենք, որ նախորդ հրապարակումներում հաղորդվում էր, որ ենթադրյալ մարդասպանը փորձել է դիակը թաքցնել ճամպրուկի մեջ, սակայն այն այնտեղ չի տեղավորվել։

Ըստ դատաբժշկական փորձագետի՝ մահը տեղի է ունեցել առնվազն վեց ամիս առաջ, և իրականում խոսքը մարդու կմախքի մասին է։ Նշանակվել է փորձաքննություն։

Քննությամբ պարզվել է, որ վերջին անգամ հարազատները տուժողի հետ շփվել են 2023 թվականի մայիսին, որից հետո՝ մինչև 2024 թվականի հունիսի 16-ը, կապը պահպանվել է հաղորդագրությունների միջոցով։

Սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 49-ամյա տղամարդը, որը որոշ ժամանակ ապրել է տուժողի տանը։

Քննության տվյալներով՝ Վարդուհի Հակոբյանի սպանությունից հետո նա վերցրել է նրա հեռախոսները, որոնց օգնությամբ նրա անունից կապ է պահպանել հարազատների հետ։ Նախաքննությունը շարունակվում է։