Մոսկվայում այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան, պայթել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան։ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Life.ru-ի հետ զրույցում հաստատել է մի շարք լրատվամիջոցների տեղեկությունը, որ Մոսկվայում ականապատ մեքենայի պայթյունի մեղավորը փախել է Թուրքիա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն աշխատում է Անկարայի հետ՝ կասկածյալին կալանավորելու և արտահանձնելու ուղղությամբ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեքենան պայթել է անմիջապես այն բանից հետո, երբ ներս են մտել տղամարդ ու կին։

Վարորդի ոտքերը պոկվել են, նա կարողացել է իրեն ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Նրան արդեն վիրահատել են։ Տուժածի կինը դեմքի կտրած-ծակած վերքերով հոսպիտալացվել է։ Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը պայթուցիկի գործարկումն էր, իսկ սա մահափորձ է։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ թիրախը եղել է արբանյակային կապի ռադիոկենտրոնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Տորգաշովը, սակայն իրականում պարզվել է, որ դա նրա անվանակիցն է, ով մասնակցել է ուկրաինական պատերազմին։