«Երկար տարիներ Թուրքիայի եւ Եվրոպայի համար երազանք համարվող նախագիծը իրականանում է»,- նման գնահատական է տվել թուրքական Star թերթը, մեկնաբանելով երեկ Անկարայում Nabucco-ի նախագծի ստորագրման փաստը:
Նշենք, որ նախագիծը ստորագրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանը, Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը, Հունգարիայի վարչապետ Գորդոն Բաժնաին, Ռումինիայի վարչապետը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Ստորագրության արարողությանը մասնակցել են նաեւ 11 երկրից ժամանած նախարարներ: Nabucco-ն կիրականացնեն Թուրքիայից` BOTAŞ, Բուլղարիայից` Bulgargaz, Ռումինիայից`Transgaz, Հունգարիայից` MOL, Ավստրիայից` OMV, Գերմանիայից`RWE ընկերությունները: 7,9 միլիարդ եվրո արժողության նախագծի 4.5 միլիարդը կօգտագործվի Թուրքիայում: Թուրքիան տարեկան հարկերի տեսքով կստանա 450 միլիոն եվրո եւ հարմար պայմաններով կարող է գազ գնել: Այսպիսով Թուրքիան նույնպես կազատվի ռուսական գազի կախվածությունից:
Նկատենք, որ Nabucco-ն Միջին Ասիայի գազը շուկաներում ներկայացնելու մենաշնորհից կզրկի Ռուսաստանին: Բացի այդ Միջին Արեւելքի գազը հետագայում նույպես հնարավոր կլինի ուղիղ Եվրոպա հասցնել: Այսպիսով Թուրքիան իր տնտեսական շահերից բացի, դառնալու է տարածաշրջանային առանցքային դերակատարում ունեցող երկիր:
Որպես Միջին Ասիայի եւ Միջին Արեւելքի երկրների ռազմավարական գործընկեր, Թուրքիան Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ համատեղ շահեր է ունենալու: Դա էլ տարածաշրջանում խաղաղության տեսանկյունից կարեւոր քայլ է ընդունվում:
Անկարայի «Rixos» հյուրանոցում կազմակերպված ստորագրման արարողության ժամանակ ելույթ ունեցած Թուրքիայի վարչապետ` Ռեջեփ Թայեփ Էրդողանը հայտարարել է, որ այս նախագիծը կարագացնի մյուս նախագծերը: Եվ որ սա ոչ միայն էներգետիկ, այլ նաեւ երկրներն իրար կապող նախագիծ է: Էրդողանը նշել է, որ միայն Nabucco-ի նախագիծը բավական է, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ:



























