Հումանիտար փոխգործակցության ընդլայնման համատեղ աշխատանքը թույլ է տալիս ամրացնել վստահությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ արագ փոփոխվող աշխարհի պայմաններում։ Այս մասին նշվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր Անատոլի Տորկունովի նամակում, որը «Հայաստանը եւ Ռուսաստանը գլոբալ եւ տարածաշրջանային վերափոխման պայմաններում. դասերը եւ ռազմավարական ընտրությունը» թեմայով կոնֆերանսում ընթերցել է բուհի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցեւը։

«Ռուսական դիվանագիտությունը եւ հայկական մշակույթը սերտորեն կապված են պատմականորեն։ 2025թ. մենք նշելու ենք հանրահայտ Լազարյան ինստիտուտի հիմնադրման 210-ամյակը, որը դարձել է Ռուսական կայսրության արեւելագետների եւ դիվանագետների դարբնոցը։

Լազարյան ինստիտուտի հիմնադիրներ են դարձել հայ ձեռներեցներ Լազարեւները։ Լազարյան ինստիտուտում ստեղծված ավանդույթները որոշակի ազդեցություն են գործել ռուսական արեւելագիտության վրա։ Այդ ավանդույթները ժառանգել է նաեւ Լազարյան ինստիտուտի հաջորդը՝ ՄԳԻՄՕ համալսարանը։

Ընդհանուր պատմական հիշողությունը եւ հարուստ մշակութային ժառանգությունը կարող են լավ կողմնորոշիչ ծառայել արդի միջազգային անորոշության պայմաններում։ Դրանք արտացոլում են անցյալի դասերը եւ մեր նախնիների ընտրությունը, որոնց ուշադիր ուսումնասիրումը օգնում է ռազմավարական մտածողությանն այսօր։

Համոզված եմ, որ կոնֆերանսը կնպաստի կարծիքների արդյունավետ փոխանակմանը, նոր գաղափարների մշակմանը, մեր երկրների փորձագիտական հանրույթների համախմբմանը՝ ի շահ երկողմ հարաբերությունների զարգացման»,- նշված է նամակում։