Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Լիթոսֆեր» ՍՊ ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս ընդերքի շահագործում իրականացնելու դեպքի առթիվ:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես` «Լիթոսֆեր» ՍՊ ընկերության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. հուլիսի 4-ից մինչեւ  2010թ. նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում նշված ՍՊԸ-ի տնօրենն առանց լիցենզիայի Արարատի տրավերտինի հանքավայրի  «Արեւմտյան» տեղամասից հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով, լիցենզիայի պայմանագրով  եւ լեռնահատկացման ակտով  ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս իրականացրել է ընդերքի շահագործում: 

Նախնական տվյալներով ընկերությունն արդյունահանել է ընդհանուր 2580 խմ տրավերտինի զանգված` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: