Հուլիսի 14-ին Երեւանում պայմանագիր է ստորագրվել աշխարհում ամենաերկար ճոպանուղու կառուցման վերաբերյալ։ Այն կտեղակայվի Տաթեւի վանական համալիրի մոտ եւ կապահովի զբոսաշրջիկների անվտանգ ու արագ վերելքը դեպի պատմական այդ կոթողը։ Ճոպանուղու շինարարությունը կիրականացվի «Տաթեւի վերածննդի ու վերականգնման» եռամյա ծրագրի շրջանակներում, իսկ իրականացնողն է Ազգային մրցունակության հիմնադրամը։ Հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը հայտարարել է, որ ծրագրի իրագործումն ու ճոպանուղու շինարարությունը հնարավորություն կընձեռի ավելացնել Տաթեւ այցելող զբոսաշրջիկների հոսքը, եւ կդյուրացնի մարդկանց վերելքը դեպի վանական համալիր։ Ճոպանուղով վերելքը կտեւի 10 րոպե, իսկ ուղեւորախցիկում կտեղավորվի մոտ 25 մարդ։ Ճոպանուղու շինարարությունը կարժենա 6,8 միլիոն եվրո։
Իսկ անմիջականորեն շինարարությունն իրականացնող շվեյցարական «Գարավենտա» ընկերության վաճառքի գծով տնօրեն Պիտեր Բաումանը, իր հերթին, հավաստիացրել է, որ ճոպանուղին բացարձակ անվտանգ կլինի։ Նա նշել է, որ «Գարավենտան» ողջ աշխարհում շուրջ 17 հազար օբյեկտներ է կառուցել, իսկ ընկերության տարեկան շրջանառությունը 500-600 մլն դոլար է։


























