Կիտրոնի արտահանմամբ աշխարհում վեցերորդ տեղն զբաղեցնող Թուրքիան ապրիլի 8-ից ժամանակավորապես կդադարեցնի կիտրոնի արտահանումը` ներքին պահանջարկը կարգավորելու անհրաժեշտության եւ այն շրջաններում վերջին ցրտահարությունների պատճառով, որտեղ հիմնականում ցիտրուսային մրգեր են հավաքվում: Այս մասին հայտնել է հանրապետության առեւտրի նախարարությունը։
«Վերջերս մեր երկրի մի շարք շրջաններում ցուրտ եղանակի եւ ցրտահարության պատճառով գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության ապահովման, ինչպես նաեւ ներքին եւ միջազգային շուկաներում գների դինամիկայի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել ապրիլի 8-ից ժամանակավորապես դադարեցնել կիտրոնի արտահանումը»,- նշվել է հաղորդագրությունում։
Թուրքիայի առեւտրի նախարարության տվյալներով՝ ցրտահարությունները վերջին ժամանակներս եղել են միջերկրածովյան Ադանա, Մերսին եւ Հաթայ նահանգներում։
Թուրքիան 2024թ. արտասահման է մատակարարել 357 մլն դոլարի կիտրոն։ Ռուսաստանն այն երեք երկրներից մեկն է, որտեղ ամենաշատը ցիտրուսային մրգեր են մատակարարվում։ Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվել 872 մլն դոլարի բանջարեղեն եւ միրգ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Միջերկրական ծովի թարմ մրգերի եւ բանջարեղենի արտահանողների միության ղեկավար Ֆերհաթ Գյուրյուզը։
Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիան 2024թ. արտահանել է 3,4 մլրդ դոլարի թարմ բանջարեղեններ եւ մրգեր, այդ թվում 1,5 մլրդ դոլարի՝ Միջերկրածովից։ Կիտրոնից բացի՝ արտահանման մեջ ամենամեծ ծավալները կազմել են մանդարինը (476 մլն դոլարի) եւ լոլիկը (427 մլն դոլարի)։




























