Հարցազրույց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ:
Պարոն Սահակյան, որքա՞ն է պետական գույքի շուկայական արժեքը:
Դուք մեր կառույցի ամենաառանցքային հարցերից մեկից սկսեցիք. այսօր չենք կարող գումարային գնահատական տալ պետական գույքին, քանի դեռ ավարտված չէ ամբողջական հաշվառումը: Երբ բազան ճշտենք, հնարավոր կլինի ասել նաեւ , թե ինչքան եւ ինչ արժեքի պետական գույք ունենք: Մենք նման խնդիր դրել ենք մեր առաջ, որպեսզի դրա հիման վրա կարողանանք նաեւ պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները լուծել: Եվ քայլ առ քայլ գնում ենք դրան, փորձելով խնդրին համակարգված մոտեցում ցուցաբերել: Օրինակ` վերջերս ճշգրտեցինք, որ մոտ 65 մլրդ դրամի գույք կա միայն ջրային տնտեսության պետական կոմիտեի տնօրինության ներքո: Նույն կերպ պետք է հաշվառվեն նաեւ ճանապարհները, պետական ամբողջ շարժական ու անշարժ գույքը: Փորձելու ենք հաշվառել նաեւ այն գույքը, որ վերջին 20 տարում մասնավորեցվել է եւ գնահատել, թե հիմա ի՞նչ վիճակում է գտնվում: Կարծում եմ նման տեղեկատվության հասարակական պահանջ կա նաեւ:
Ձեր ղեկավարած գերատեսչությունը, եթե չեմ սխալվում, մշտապես խնդիրներ է ունենում քաղաքական կուսակցությունների հետ` Կոմկուսի հետ խնդիր կար, դատական գործընթացի մեջ էիք «Ժողովրդավարական հայրենիքի» հետ: Այդքան անպարտաճանա՞չ են մեր քաղաքական կուսակցությունները:
Մենք պետական գույքը տրամադրում ենք վարձակալության, այդ թվում` քաղաքական կուսակցություններին: Դուք նշեցիք Կոմունիստական կուսակցությանը, որն այս պահին էլ մեծ պարտքեր ունի: Եթե այդպես շարունակվի, խնդիրը ստիպված կվիճարկենք դատարանում: Ժամանակին խնդիրներ ունեցանք «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հետ: Այս դեպքում խնդիրը հետեւյալն էր. 314.7 քառ. մետր տարածք էր տրամադրվել այդ կուսակցությանը Վաղարշյան 12 հասցեի վարչական շենքում ամսական 94.4 հազ. դրամ վարձավճարով (քառակուսի մետրը՝ 300 դրամով): Սակայն կուսակցությունը 10 անգամ ավելի մեծ վարձավճարով այդ տարածքի մեծ մասը ենթավարձակալության էր հանձնել Սոցիալական ապահովության պետական ծառայության Արաբկիրի ստորաբաժանմանը, ինչից կարելի է ենթադրել, որ նման մեծ տարածքի կարիք իրականում կուսակցությունը չուներ եւ այն խորհրդանշական գնով ստանալով պետությունից, օգտագործել է շահույթ ստանալու համար: Դրանից հետո սկսվել են դատական գործընթացներ, եւ կուսակցությունը վտարվել է այդ տարածքներից: Ներկայում նրանք տնօրինում են 75.7 քառ. մետր տարածք, որի վարձակալության ժամկետը լրացել է 2011թ ապրիլին, որտեղից եւս նրանց կվտարենք` հիմնադրամին իր կարիքների համար պահանջվող ամբողջական տարածք տրամադրելու համար: Այս ամբողջ պատմությունը մամուլում երբեմն խեղաթյուրված է ներկայացվում, ուղեկցվում քաղաքական բազմաթիվ շահարկումներով: Մինչդեռ մեր կառույցն առաջնորդվել է իրեն վերապահված` պետական գույքի շրջահայաց եւ արդյունավետ կառավարման սկզբունքով: Կառավարությունն ունի բոլոր հիմքերը՝ իդեմ Պետական գույքի կառավարման վարչության՝ չվերակնքելու պայմանագիրը վերոհիշյալ կամ այլ նման վարքագծով կազմակերպությունների հետ:
Բայց ստացվում է, որ ինչ-որ լծակ ունեք քաղաքական կուսակցության դեմ կիրառելու համար. ուզենաք` տարածք կտաք, ուզենաք` չեք տա:
Մենք պետական գույքի վարձակալներին բաժանում ենք միայն 2 մասի` պարտաճանաչ եւ անպարտաճանաչ: Այլ չափանիշներով վարձակալներ չենք ընտրում:
Ընդդիմադիր որեւէ քաղաքական ուժ ունի՞ ձեզ մոտ տարածք, կամ դիմե՞լ է ստանալու նպատակով:
Ոչ` նման դիմումներ չենք ունեցել: Եթե դիմեն, ու հնարավորություններ ունենանք` չենք մերժի, բայց այս պահին ազատ տարածքներ չունենք էլ: Մամուլի շենքում գուցե հնարավորություններ լինեն, բայց այդ տարածքները տրամադրում ենք միայն մամուլի զարգացման նպատակով:
2011 թ. պետական ընկերությունների սնանկացման գործընթաց սկսվեց, նույնիսկ վարչապետ Տ. Սարգսյանը դժգոհեց, որ պետական ընկերությունների մի մասը իրականում գոյություն չունի: Հիմա ի՞նչ իրավիճակ է այս առումով:
Մենք մասնավորեցման ծրագրում ունենք 34-100 % պետական բաժնեմասով 37 նմանատիպ կազմակերպություններ: Դրանցում փորձում ենք գույքագրում կատարել: Ամենատխուր վիճակը մեր ենթակայության 34 տոկոս պետական բաժնեմաս ունեցող 4 կազմակերպություններում է: Ոչ ոք եւ տարիներ շարունակ չգիտի, թե պետական այդ բաժնեմասն ինչ վիճակում է: Ներկայում ոստիկանության հետ համատեղ ենք փորձում գտնել համասեփականատերերին, որովհետեւ մեր հրավերներին չեն պատասխանում: Ձգտում ենք պարզել գոնե` արդյոք պետական այդ գույքը գոյություն ունի՞ իրականում, եթե ինչ-որ բան մնացել է` ինչպե՞ս է կառավարվում:
Մի քանի օրինակ կարո՞ղ եք բերել:
Իհարկե. Իջեւանի,Ախուրյանի, Անիի,Վարդենիսի շրջանային միավորումներ՝ «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ներ.սրանք 34 տոկոսանոցն են: 100 տոկոսանոցներից են օրինակ` Ֆիզիոթերապիայի ինստիտուտը, «Ստեփանավանի օդանավակայան» ՓԲԸ-ն, «Արթիկի նավթամթերքներ» ՓԲԸ-ն, «Մասիսի նավթամթերքներ» ՓԲԸ-ն, «Ատոմսերվիս» ՓԲԸ-ն. սրանք 100 տոկոսով պետական են, Գյումրիի «Նարեկ» հանգստյան տունը՝ 80 տոկոս եւ այլն:
Իդեպ, կա նաեւ ժամանակի պահանջով պայմանավորված հակառակ երեւույթը. վերջերս մեր առաջադրմամբ խորհրդարանը Մասնավորեցման ծրագրից հանել է 3 գիտահետազոտական ինստիտուտ` Երեւանի օպտիկական չափումների ԳՀԻ-ն, «Կոմետան» եւ «Պլաստպոլիմերը»: Ժամանակները փոխվում են, եւ պետության պահանջները նույնպես փոխվում են: Պետությունը գտավ, որ այս 3 կազմակերպություններն իրեն ավելի անհրաժեշտ են ու մասնավորեցման ծրագրից հանվեցին: Հիմա էկոնոմիկայի նախարարությունը պետք է փորձի առողջացնել այդ 3 կազմակերպությունները:
Տարեվերջին կառավարությունում ներկայացրեցիք «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքը: Ինչո՞վ էր պայմանավորված դրա անհրաժեշտությունը:
Ի ուրախություն մեզ` կառավարությունը հավանություն տվեց օրենքի այդ նախագծին: Դրա անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, քանի որ պետական գույքն այնքան էլ արդյունավետ չի կառավարվում, իսկ դաշտում գործում էր միայն «Մասնավորեցման մասին» օրենքն ու այլ իրավական ակտեր, որոնք ամբողջական չէին կարգավորում դաշտն ու այստեղ ծագող իրավահարաբերությունները: Իսկ մեր մշակած նախագծով համապարփակ սահմանվել են պետական գույքը կառավարող մարմնի իրավասությունները, կառավարման սկզբունքներն ու նպատակները: Առաջին անգամ առաջ է քաշվել «եռամյա ծրագիր» հասկացությունը, հստակեցվել է հաշվառման բազայի անհրաժեշտությունը:
«Կառավարման արդյունավետություն» ասելով ի՞նչ եք հասկանում` չափանիշը գումա՞րն է:
Ոչ միայն: Խոսքն առաջին հերթին պետության գույքն առավելագույն արդյունավետությամբ պետության կարիքներին ծառայեցնելու մասին է: Այդ մասին ես խոսեցի մասնավորապես պետական տարածքների վարձակալության օրինակով: Եթե այդ տարածքների վարձակալությունն ավելին արժե, ապա այդ գումարները թող պետբյուջե գնան եւ ոչ թե ինչ-որ մեկի գրպանը: Կամ վերցնենք կրթական համակարգը, որտեղ ակտիվ բարեփոխումներ են կատարվում: Կան դպրոցներ, որոնք 2000 աշակերտի համար են նախատեսված, բայց փաստացի այսօր ունեն 200 աշակերտ: Նման իրավիճակ է ստեղծվել եռաստիճան համակարգի ներդրման արդյունքում: Խնդիրը կարգավորելու համար մենք դպրոցները փակելու ճանապարհով չենք գնա, բայց նաեւ պետք է դպրոցական շենքերի ազատ տարածքները արդյունավետ կառավարենք` դրանք միայն կրթական, մարզական ու մշակութային ծրագրերի համար ծառայեցնելով: Այսօր տնօրեններն իրավունք ունեն 1 տարի ժամկետով պայմանագրեր կնքել, իսկ 1 տարուց ավելի ժամկետի դեպքում պետք է դիմեն Պետական գույքի կառավարման վարչությանը, որպեսզի նպատակային եւ հեռանկարային կառավարման քաղաքականություն իրականացվի:
Իսկ պետական գույքի օտարման հարցում ի՞նչ քաղաքականություն է տարվում:
Նոր օրենքով կսահմանվեն նաեւ պետական գույքի օտարման պայմանները եւ սահմանափակումները: Մենք նախատեսում ենք կիրառել էլեկտրոնային աճուրդի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի պետական գույքի օտարումն իրականացնել առավել թափանցիկ ու արդյունավետ: Աճուրդի դեպքում Սփյուռքի մեր գործընկերներն ավելի դյուրինությամբ կմասնակցեն օտարման, ինչու ոչ՝ նաեւ վարձակալության գործընթացներին:
Օրենքով կսահմանվեն հանրակացարանների բնակելի տարածքների սեփականաշնորհման առանձնահատկությունները: Գիտեք`նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս իր վարչապետության ժամանակ հայտարարեց, որ հանրակացարանային բնակելի տարածքները առաջնահերթ պետք է տրվեն Ադրբեջանից բռնագաղթածներին եւ տեղաբնակ կարիքավորներին: Այս գործընթացն այսօր ընթանում է, բայց պետք է ավելի կանոնակարգված լինի օրենքի շրջանակում:
Որքանո՞վ եք շուկայական մոտեցում ցուցաբերում վարձակալության կամ օտարման գործարքներում:
Միանշանակ շուկայական մոտեցում ենք ցուցաբերում: Վաճառքից կամ վարձակալությունից առաջ գույքը գնահատվում է ու պարտադիր՝ շուկայական պայմաններով: Այլ խնդիր է, որ երբեմն վաճառքն իրականացվում է խորհրդանշական գնով` ներդրումներ ներգրավելու նպատակով եւ դա ամրագրվում է պայմանագրով: Օրինակ, Ամասիայի կինոթատրոնը վաճառեցինք ընդամենը 1000 դրամով, բայց դրա տակ կա 300 մլն դրամի ներդրման հեռանկար: Այդ շենքը տարիների ընթացքում կոռոզիայի էր ենթարկվել ու նոր սեփականատերը պարտավորվել է այն կարգի բերել ու ծառայեցնել իր բուն նպատակին:
Դուք այս համակարգում նոր մարդ եք, որքանո՞վ են ձեր ծրագրերն իրատեսական:
Դուք ճիշտ եք. կես տարի է, որ պետական գույքի կառավարման վարչությունում եմ, բայց կառավարման համակարգում փորձառությունս շատ ավելին է, չասեմ նաեւ խորհրդարանականի մասին: Ես իսկապես այս կառույց եմ եկել հստակ ծրագրերով, նաեւ՝ լավ պատկերացնելով ,որ այնքան էլ հեշտ չի լինի տարիներով արմատացած մոտեցումները փոխել: Բայց ես եկել եմ աշխատելու եւ որեւէ խնդիր այս համակարգում չի շրջանցվելու, որեւէ սուր կամ փշոտ հարց դարակներում չի փոշոտվելու: Սա ես խոստանում եմ, եւ առայսօր գործել եմ եւ շարունակելու եմ միայն այս սկզբունքներով: Բնականաբա`ր իմ աշխատանքային ծրագրերն իրականացնելու համար կարեւոր է երկրի ղեկավարի եւ կառավարության, ու անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի, նաեւ խորհրդարանի աջակցությունը: Եվ իհարկե այն պրոֆեսիոնալ թիմի, որ կա Պետական գույքի կառավարման վարչությունում: Մենք պետք է կարողանանք տարիներով կուտակված շատ հարցերի պատասխան տալ:




























