Գրենլանդիայի նոր վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը կիրակի օրը հայտարարել է, որ օգտակար հանածոներով հարուստ արկտիկական կղզու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները անհարգալից են, և որ Գրենլանդիան «երբեք և ոչ մի պարագայում չի դառնա սեփականություն, որն, ով ասես, կարող է գնել», հաղորդում է Associated Press-ը։
Նիլսենն այս հայտարարությունն արել է՝ հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռազմավարական տարածքի վերահսկողությունը ստանձնելու շահագրգռվածությանը՝ կանգնած լինելով Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի կողքին իր եռօրյա պաշտոնական այցի երկրորդ օրը։
Գրենլանդիան Դանիայի կիսաինքնավար տարածք է։
«Միացյալ Նահանգների կողմից բանակցությունները հարգալից չէին», - ասել է Նիլսենը Դանիայի վարչապետի պաշտոնական նստավայրում կայացած մամուլի ասուլիսում։
«Օգտագործված բառերում ոչ մի հարգանք չկար։ Ահա թե ինչու մենք պետք է միասնական լինենք այս իրավիճակում», - ավելացրել է նա։
Տարիներ շարունակ Դանիայից անկախանալու համար պայքարող Գրենլանդիայի քաղաքական կուսակցությունները վերջերս համաձայնության են եկել նոր լայնածավալ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում՝ այս տարածքի նկատմամբ Թրամփի հավակնություններին դիմագրավելու համար։
Գրենլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ Նիլսենի եռօրյա այցը, որը սկսվել է շաբաթ օրը, նպատակ ուներ քննարկել երկու երկրների միջև ապագա համագործակցությունը։





























