Ամերիկյան վարչակազմի քաղաքականության վրա մաքսային տուրքերի հարցում ոչ մի գործոն չի կարող ազդել։ Դրա մասին The Atlantic հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա մերժել է վերլուծաբանների շրջանում տարածված այն տեսակետը, ըստ որի ֆինանսական խռովությունները՝ շուկաների անկումը, ռեցեսիայի սպառնալիքը, դոլարի թուլացումը, կստիպեն նրան վերանայել իր սակագնային քաղաքականությունը։
«Դա միշտ էլ փոքր-ինչ ազդում է քեզ վրա»,-ասել է Թրամփը։ Նախագահը հավելել է, որ կարմիր գծեր չկան, «որոշակի թիվ», որի դեպքում ինքը ստիպված կզգա փոխել ուղղությունը, գոյությսւն չունի։
Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին։ Ապրիլի 5-ին ուժի մեջ մտան 10%-անոց համընդհանուր սակագները, ապրիլի 9-ին՝ անհատական սակագները։ Նույն օրը Սպիտակ տան ղեկավորը հայտարարեց, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների և տարածքների համար փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Այդ ժամանակահատվածում կգործի «10% համընդհանուր սակագին»։ Դա չի ազդել Չինաստանի վրա։ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա Վաշինգտոնի սահմանած ընդհանուր մաքսատուրքերը հասնում են 145%-ի, իսկ Չինաստանի սահմանած պատասխան մաքսատուրքերը՝ 125%-ի։




























