Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը ձգտում է Դամասկոսում նոր իշխանությունների հետ «լավ հարաբերությունների»՝ վարչապետ Բենիամին Նաթանյահուի այսօրվա հայտարարությունից հետո այն մասին, որ իսրայելական զինված ուժերը Սիրիայում հայտնաբերել են սերժանտի մասունքները, հայտնում է Times of Israel-ը։
Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե արդյոք Իսրայելը ստացե՞լ է օգնություն սիրիական կառավարությունից վերականգնման առաքելության ընթացքում, և արդյոք ամրապնդվո՞ւմ է դաշինքը Դամասկոսի հետ անուղղակի բանակցությունների մասին հաղորդումներից հետո, Սաարը պատասխանել է. «Կարծես թե այս հարցը պետք է ուղղել վարչապետի գրասենյակին։ Այնուամենայնիվ, մենք ուզում ենք լավ հարաբերություններ պահպանել։ Մենք կայունություն ենք ցանկանում։ Բնականաբար, մենք անվտանգության հետ կապված մտահոգություններ ունենք, և դա հասկանալի է»։
Ըստ Սաարի, Իսրայելը հիմքեր ունի «թերահավատորեն վերաբերվելու Սիրիայում ներկայիս ռեժիմին», մասնավորապես, «երկրում փոքրամասնությունների նկատմամբ որոշակի քայլերի» պատճառով՝ ակնարկելով սիրիացի դրուզների դեմ վերջին բռնությունները, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։
«Բայց մենք բարի մտադրություններ ունենք։ Մենք դա ուզում ենք։ Մենք անվտանգություն ենք ուզում։ Մենք կայունություն ենք ուզում։ Սա է մեր ցանկությունը»,- հավելել է նա։
Ինչպես նշում է իսրայելական ԶԼՄ-ն, նրա արտահայտությունները, ըստ երևույթին, նշանավորում են տոնայնության փոփոխություն այն կտրուկ հռետորաբանությունից, որը նա օգտագործում էր Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաայի և նրա կառավարության հասցեին։
Այս ամսվա սկզբին, Սիրիայի հիմնականում դրուզներով բնակեցված շրջաններում մահաբերւ միջդավանական բախումներից հետո, Սաարը կոչ էր արել միջազգային հանրությանը «պաշտպանել Սիրիայում փոքրամասնություններին, և մասնավորապես դրուզներին, ռեժիմից և նրա ահաբեկչական խմբավորումներից»։
Նմանապես, դեռ մարտին, այն հաղորդումներից հետո, որ ավելի քան հազար խաղաղ բնակիչ է սպանվել ալավիների հայրենիքում, Սաարը դատապարտել էր Սիրիայի «ջիհադիստական» ղեկավարությունից բխող «մաքուր չարիքը»։
«Նրանք ջիհադիստներ են եղել և մնում են ջիհադիստներ, նույնիսկ եթե նրանց առաջնորդներից ոմանք կոստյումներ են հագել»,- ասել էր նա այն ժամանակ։





























