Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և ԱՄՆ վարչակազմի միջև Գազայում հրադադարի և պաշարված անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու շուրջ բանակցությունները շարունակվում են, կիրակի օրը Reuters գործակալությանն է հայտնել  բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կրկնել է Գազայում պաղեստինցիներին պարենամթերք հասցնելուն օգնելու խոստումը։ Գազա մարդասիրական օգնության հասցման ԱՄՆ-ի կողմից աջակցվող մեխանիզմը շուտով պետք է ուժի մեջ մտնի, ուրբաթ օրը հայտարարել է Իսրայելում Վաշինգտոնի դեսպանը։

«Մենք չենք կարող խոսել շարունակվող բանակցությունների մասին, բայց ես կնշեմ Քաթարի և Եգիպտոսի վերջին հայտարարությունները, որ նրանք շարունակում են ձգտել համաձայնության հասնել», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Գերատեսչության պաշտոնյայի վկայությամբ, ՀԱՄԱՍ-ը միանձնյա պատասխանատվություն է կրում պատերազմի, ինչպես նաև մարտական գործողությունների վերսկսման համար։

«Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, թե ինչ հետևանքների կբախվի ՀԱՄԱՍ-ը, եթե շարունակի պատանդ պահել, այդ թվում՝ ամերիկացի Էդան Ալեքսանդերին և չորս ամերիկացիների մարմինները», - հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն բանակցություններ էր վարել պաղեստինյան խմբավորման հետ՝ Գազայում պահվող ամերիկացի պատանդների ազատ արձակումն ապահովելու համար։

Մարտի 2-ից Իսրայելը լիովին դադարեցրել է Գազայի 2,3 միլիոն բնակիչներին բոլոր մատակարարումները, իսկ տարեսկզբին հրադադարի ընթացքում կուտակված պարենամթերքի պաշարները գրեթե սպառվել են։ Մարտի 18-ին Իսրայելը փաստացիորեն խզել է ՀԱՄԱՍ-ի հետ հունվարյան հրադադարի համաձայնագիրը և վերսկսել իր ռազմական արշավը Գազայում։