Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չորեքշաբթի կոչ է արել Արևմուտքին չբաժանվել Ուկրաինայի հարցում։ Նա հայտարարել է, որ աշխատում է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում դաշնակիցների միջև միասնություն ապահովելու ուղղությամբ՝ պատերազմն ավարտելու հարցում, հաղորդում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ պաշտոնը ստանձնելուց ի վեր խորհրդարանում ունեցած իր առաջին կարևոր ելույթում Մերցն ասել է, որ Արևմուտքը չի կարող հաշտվել Ուկրաինայում թելադրված խաղաղության կամ ռուսական ռազմական ուժերի կողմից ձեռք բերված ստատուս քվոյի հետ։

Նա ելույթ է ունեցել Ստամբուլում կայանալիք խաղաղության բանակցություններից առաջ։

Փետրվարյան ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Մերցը խոստացել է բարձրացնել Գերմանիայի դերը համաշխարհային ասպարեզում և ամրապնդել նրա զինված ուժերը՝ ավելացնելով պաշտպանական ծախսերը։ Թեև նա հրապարակավ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ այն անվանելով անվստահելի դաշնակից, չորեքշաբթի օրվա ելույթում նա շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցում նրա աջակցության համար։

«Նման հրադադարը կարող է բացել մի պատուհան, որի շրջանակներում հնարավոր կդառնան խաղաղ բանակցությունները։ Կենսականորեն կարևոր է, որ քաղաքական Արևմուտքը թույլ չտա իրեն բաժանվել, ուստի ես ամեն ջանք կգործադրեմ մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների միջև հնարավորինս մեծ միասնության հասնելու համար։ Այս սարսափելի պատերազմը և դրա արդյունքը կորոշեն ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը», - ասել է նա։

Մերցի խոսքով՝ այս պատերազմի արդյունքը կորոշի, թե «արդյոք Եվրոպայում և աշխարհում կշարունակե՞ն գերիշխել օրենքն ու կարգուկանոնը, թե՞ կհաղթանակեն բռնապետությունը, ռազմական ուժը և ամենաուժեղի բացարձակ իրավունքը»։