Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Իսրայելի հետ ազատ առևտրի բանակցությունները և նոր պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափի բնակավայրերի նկատմամբ՝ քննադատելով Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, հաղորդում է Associated Press-ը։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան նման քայլի են դիմել Գազայում Իսրայելի պատերազմի և օկուպացված Արևմտյան ափին նրա գործողությունների դատապարտումից մեկ օր անց։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ներկայիս առևտրային համաձայնագիրը մնում է ուժի մեջ, սակայն կառավարությունը չի կարող շարունակել բանակցությունները Արևմտյան ափին և Գազայում անպատշաճ քաղաքականություն վարող Իսրայելի կառավարության հետ։
Լամմին հայտարարել է, որ «Արևմտյան ափին ծայրահեղական իսրայելցի բնակիչների բռնության շարունակական ցիկլը պահանջում է, որ նրանց նկատմամբ միջոցներ ձեռնարկվեն»։
«Իսրայելի կառավարությունը պարտավոր է միջամտել և դադարեցնել այդ ագրեսիվ գործողությունները, -շեշտել է Լամմին։ -Նրանց շարունակական անգործությունը վտանգի տակ է դնում պաղեստինյան համայնքները և երկու պետությունների սկզբունքով լուծումը»։
Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը խստացրեց Իսրայելի հասցեին իր քննադատությունը՝ հայտարարելով, որ Գազայի հատվածում երեխաների տառապանքների մակարդակը «բացարձակապես անտանելի» է և վերահաստատել է հրադադարի կոչը։





























