Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը Ասկերանում զինծառայություն անցնող զինվոր Դավիթ Այվազյանի առողջության վատթարացման հետ կապված դեռեւս դեկտեմբերի 6-ին նամակով դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն պատասխան չի ստացել:
Այսօր` հունվարի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձել է կապվել ՊՆ-ի հետ, գործող 1-88 շուրջօրյա թեժ գծի միջոցով, սակայն հեռախոսազանգին պատասխան չի տրվել, որից հետո որոշել են հրապարակել նամակը՝ «հույս ունենալով, որ այս ճանապարհով տեղեկատվությունը կհասնի ՀՀ պաշտպանության նախարարին»:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Օհանյան,
2011 թ-ի դեկտեմբերի 6-ին իր որդու՝ Ասկերանի զորամասի զինծառայող Դավիթ Այվազյանի իրավունքների պաշտպանության հարցով մեր կազմակերպություն էր դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի Գայանե Հրայրի Ղուլինյանը, որի կապակցությամբ դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը մեր կազմակերպության կողմից ուղարկվել է Ե/2011-23.12/339 գրությունը, որի պատասխանը մինչ այսօր չենք ստացել:
2012 թ-ի հունվարի 14-ին Գայանե Հրայրի Ղուլինյանը վերստին դիմել է կազմակերպություն իր որդու առողջական խնդիրների մտահոգությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ Դավիթի մոտ առկա է բարձր ճնշում եւ հավելյալ քաշ:
2012 թ-ի հունվարի 9-ին Դավիթ Այվազյանը մորը հայտնել է, որ վատառողջ է, որի մասին տեղյակ է պահել նաեւ իրենց զորամասին բուժքրոջը: Վերջինս, ըստ Դ. Այվազյանի, փաստաթղթերում նշել է, որ անհրաժեշտ է Դ. Այվազյանին տեղափոխել հոսպիտալ: Հաջորդ օրը ծնողը տեղեկացել է, որ Դ. Այվազյանը դեռեւս գտնվում է զորամասում, եւ նրան չեն տեղափոխել հոսպիտալ: Հունվարի 12-ին Դ. Այվազյանը մորը տեղեկացրել է, որ զորամասում տագնապ է հայտարարվել, եւ հետեւաբար իրենց տեղափոխում են Աղդամի զորամաս: Զինավարժությունների ժամանակ Դ. Այվազյանը նորից վատ է զգացել, զարկերակային ճնշումը գրանցվել է 170/130 մմ սնդ.
ս: Ըստ Դ. Այվազյանի ծնողի՝ Դավիթը Աղդամի զորամասում խնդրել է իրեն տեղափոխել հոսպիտալ, որը իրականացվել է բավականին մեծ դժվարությամբ:
Ներկայումս Դ. Այվազյանը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում եւ գանգատվում է գլխացավերից, տեսողության մթագնումից, սրտի շրջանում ծակոցներից: Հետեւաբար խնդրում եմ Ձեր աջակցությունն ու միջամտությունը Դ. Այվազյանի առողջական վիճակի անհապաղ հետազոտման եւ նրա՝ զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ որոշման հարցում»:




























