Հայաստանում  գործող մանկապատանեկան մարզադպրոցները վերջին շրջանում դարձել են հասարակության եւ լրատվամիջոցների քննարկման թեմա: Դա է վկայում մամուլում օրերս տարածված 18 մարզադպրոցների տնօրենների անստորագիր բաց նամակն` ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին: Հիշեցնենք, որ անստորագիր նամակում հեղինակները քննադատել են ոլորտում առկա տխուր իրավիճակը: Թե ով է նամակի հեղինակը կամ հեղինակները, դեռեւս պարզ չէ: Սակայն ելնելով նամակում նշված խնդրից՝ NEWS.am-ը հետաքրքրվեց Երեւանում գործող մանկապատանեկան մարզադպրոցների իրավիճակի եւ առկա խնդիրների մասին:

Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Լեւոն Հայրապետյանը,  դեռ չլսած մեր հարցը, հետաքրքրվեց` «հո» վերջերս շրջանառվող անստորագիր նամակից չենք հարցնելու… Ու շարունակեց. «Այդ նամակի մասին տեղեկություն չունեմ»: Ապա հասկանալով, որ ուրիշ հարցով ենք դիմել, ներկայացրեց մարզադպրոցի եւ սամբո, ձյուդո սպորտաձեւի խնդիրները: Ըստ Հայրապետյանի՝ թե այս, եւ թե մյուս մարզաձեւերում խնդիրներն ի հայտ են եկել դեռ այն ժամանակից, երբ մարզադպրոցները կրթության նախարարության համակարգից անցել են  սպորտի նախարարության համակարգ. «Դրա հետեւանքով, կորցրեցինք ամեն տեսակ հնարավորություն, հանրակթական դպրոցների մարզադահլիճներից օգտվելու հնարավորություն: Քանի որ ամեն մարզադպրոցի հանձնարարված էր հատուկ ծրագրեր իրականացնել տվյալ թաղամասում պատանիներին դեպի սպորտն ուղղելու, փողոցից կտրելու նպատակով: Սպորտնախարարություն անցնելուց հետո ոչ մեկի այս խնդիրը չի հուզում, ոչ ոք չի զբաղվում դրանով, նույնիսկ չեն  էլ խոսում` ինչպես կազմակերպել, որպեսզի երեխաներին փողոցներից, հիմա արդեն նաեւ ինտերնետից կտրել: Գուցե, դա պայմանավորված է ֆինանսների հետ։ Չեմ կարող ասել: Բացի աշխատավարձից ու կոմունալ ծախսերից, նախարարությունը հավելյալ գումարներ չի հատկացնում: Օրինակ՝ մեր մարզադպրոցի դահլիճի միայն մի մասն է գործում,  մյուս մասի տանիքը խոնավության եւ անձրեւաջրերի պատճառով փլուզման ենթակա է: Վտանգավոր է երեխաների մարզումների համար»:

Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մարզումներն անցկացվում են կիսանկուղային հարկում: Տնօրեն Սուրեն Ղազարյանի մեկնաբանությամբ՝ այլեւս անհնար է այդ կիսանկուղային դահլիճներում մարզվել: «Անկախության տարիներին մեր մասնաճյուղերի մեծ մասը կրճատվեցին եւ մնաց ընդհամենը 5 մասնաճյուղ: Այսօր ունենք 350 աշակերտ: Բազմիցս դիմել եմ օլիմպիական կոմիտե: Անընդհատ ասում էին` Լինսի հիմնադրամից գումար կհատկացնենք, այստեղից, այնտեղից… ու այդպես անդադար ձգձգվում էր վերանորոգումը:  2005 թվականին դպրոցի մի մասը վերակառուցվեց: Բայց խոնավությունից չենք ազատվել: Վերակառուցումից հետո տարիներ են անցել: Արդեն պայմաններն այն չեն, պատերի թափվող ծեփեր, մաշված մարզագույք»,- տնօրենը:

1964 թվականին հիմնադրված Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի խնդիրները ոչ թե տեղային են կամ մասնակի, այլ սկսվում են շենքի հիմքից: Ըստ տնօրեն Ալբերտ Ազարյանի՝ այս մարզաձեւում ոչ միայն շենքային պայմաններն են խնդիր, այլեւ՝ պետության եւ հասարակության անուշադրությունը:

«Բոլոր մարզաձեւերում հովանավոր կա, մարմնամարզությունում՝  չկա: Կոմունիստների ժամանակ մենք ունեցել ենք 232 մարմնամարզության դահլիճ, այսինքն` բոլոր հանրակրթական դպրոցներում եղել է մարմնամարզություն: Հիմա մնացել է երկուսը` Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը ու մերը: Չի կարելի այդպես անել։ Մարմնամարզությունը ոտքի եղունգից մինչեւ մազերը զարգացնում է: Յուրաքանչյուր երեխա պարտավոր է զբաղվել մարմնամարզությամբ: Ես որքան էլ ասեմ, մեկ է` ոչ ոք ոչ լսում է, ոչ բանի տեղ դնում: Դպրոցն ունի վերանորոգման, նոր գույքի խիստ կարիք. հնարավորություն չկա, ֆինանսավորող չկա: Բոլորին էլ դիմել եմ, բայց ոչ ոք չի ուզում նույնիսկ մոտ գա մարզադպրոցին: Ենթարկվում ենք քաղաքապետարանին, սակայն այնտեղ էլ են լռում: Չգիտեմ, թե որն է այս անուշադրության պատճառը, բայց դե փաստ է, որ ոչ մեկին մեր վատ վիճակը չի հետաքրքրում»,- նշեց Ա. Ազարյանը:

1974 թվին հիմնադրված № 4 մանկապատանեկան մարզադպրոցի  տնօրեն Խաչատուր Եղիազարյանը ոչ մի խնդիր չունի։ Նա գտնում է, որ մարզադպրոցը  առաջինն է քաղաքում` իր լավ պայմաններով եւ արդյունքներով:

«Ամբողջ դպրոցը ջեռուցվում է: Դա դպրոցի ղեկավարների հետեւողականության արդյունքն է: Ինչն էլ թերի է լինում՝ լրացնում ենք պետական միջոցներով եւ հովանավորների շնորհիվ: Սպորտը, ինչպես ցանկացած  զարգացած երկրում, այնպես էլ Հայաստանում, ժամանակին համընթաց պետք է քայլի: Մենք հոգում ենք այդ մասին: Մեր մարզիկներն ամեն ինչով ապահովված են: Եւ եթե նույնիսկ ուզենամ բողոքեմ՝ տեղ չունեմ: Խնդիրներ միշտ էլ լինում են, բայց այդ ամենը պետական աջակցության, քաղաքապետարանի շնորհիվ լուծվում է»: 

Հայաստանում գործող մարզադպրոցների մասին պատկերացում կազմելու համար փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Սպորտի նախարարությունից: Մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի բաժնի պետ Սամսոն Հակոբյանը մեր հարցերին, թե քանի դպրոց է գործում, դրանցից որոնք են բարվոք վիճակում, որքանը ենթակա վերանորոգման, խուսափեց պատսախանել` նախարարության միջանցքում կցկտուր պատասխաններ նետելով: Հարցերը մնացին անպատասխան, քանի որ Ս. Հակոբյանից դրանք ստանալու համար պետք է թույլտվություն ստանայինք նախարարության աշխատակազմի ղեկավարից:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը