Ութ ամսվա դադարից հետո ռինգ վերադարձած երկրորդ միջին քաշային Արթուր Աբրահամաը Օֆենբուրգում հաղթեց արգենտինացի Օսկար Ֆարիասին: Պրոֆեսիոնալ ռինգում Աբրահամը տարավ 33-րդ հաղթանակը 36 մենամարտերում: Աբրահամ - Ֆարիաս մենամարտից ստացած տպավորությունները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց բռնցքամարտի մեկնաբան, Հայաստանի եւ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը:
Պարոն Անտոնյան, ինչպե՞ս դասավորվեց մենամարտն Աբրահամի համար:
Աբրահամի համար շատ կարեւոր էր այդ մենամարտը: Միայն հաղթանակի դեպքում նա կարող էր շարունակել պայքարն աշխարհի չեմպիոնի գոտու համար: Երեք անընդմեջ պարտություններից հետո Աբրահամին անհրաժեշտ էր այս հաղթանակը նաեւ սասանված հեղինակությունը վերականգնելու համար: Երեւում էր, որ Աբրահամը շատ լավ է տրամադրվել: Առաջին երկու ռաունդներում Աբրահամը վարվում էր այնպես, ինչես սովորաբար մենամարտել է իր բոլոր ելույթներում: Բռնցքամարտում դա կոչվում է հետախուզում մարտի ընթացքում: Նա ուսումնասիրում էր Ֆարիասին եւ աստիճանաբար սկսեց գրոհել: Արթուրի պաշտպանական ոճը նորություն չէ: Կարեւորը, որ նա շատ արագ հասկացավ, ինչպես պետք է գրոհել:
Ո՞ր ռաունդում դուք հասկացած, որ Աբրահամը մրցակցից ուժեղ է եւ կհաղթի:
Երրորդ ռաունդում: Երկրորդ ռաունդում Արթուրն, օգտվելով մրցակցի վրիպումներից, մի քանի հաված հասցրեց: Իսկ երրորդ ռաունդում Արթուրն, օգտագործելով հարվածների շարքը, սկսեց հաճախ հաղթահարել Ֆարիասի պաշտպանությունը: Երեւում էր, որ Ֆարիասն այնքան էլ ուժեղ չէ պաշտպանությունում, երբ Արթուրն արագացնում էր: Շարունակելով գրոհել` Արթուրը մտադիր էր դիպուկ հարված հասցնել, ինչն էլ տեղի ունեցավ:
Ի՞նչ համեմատություն կարելի է անել Աբրահամի նախորդ մենամարտերի հետ:
Տանուլ տված մենամարտերում Աբրահամի մրցակիցները շատ էին շարժվում ռինգում` հոգնեցնելով մեր բռնցքամարտիկին: Արթուրը չէր հասցնում նրանց հետեւից: Մրցակիցներն արագության շնորհիվ կարողանում էին խուսափել Աբրահամի հարվածներից: Այս անգամ Արթուրը մրցակցին հնարավորություն չտվեց: Բացի այդ նա հստակ օգտագործեց մրցակցի սխալները, ինչը նրան չէր հաջողվում պարտված մենամարտերում: Երրորդ ռաունդից Արթուրը ցույց տվեց, որ կարող է նաեւ արագ տեղաշարժվել ռինգում:
Կարծիք կա, որ Արթուր Աբրահամը կարող է հաջողության հասնել միջին քաշային կարգում, որտեղ նա երկար ժամանակ IBF վարկածի աշխարհի չեմպիոն էր: Քաշ գցելը կարո՞ղ է ազդել նրա գործողությունների վրա:
Միջին եւ երկրորդ միջին քաշային կարգերի տարբերությունը մեծ չէ: Չեմ կարծում, որ քաշ գցելը կարող է ազդել Արթուրի ֆիզիկական հզորության վրա: Բայց նշեմ, որ Արթուրը շեշտը դնում է ուժեղ հարվածի վրա. քաշ գցելը կարող է բացասական ազդել նրա հարվածի հզորության վրա: Բռնցքամարտիկը կորցնում է հարվածի արագությունն ու ուժը: Բացի այդ քաշ գցելը շատ անհատական է: Կան բռնցքամարտիկներ, որոնք մի քանի կիլոգրամ գցելուց, նույնիսկ, լավ մարզավիճակում են մնում, իսկ ոմանք մեկ կիլոգրամ էլ գցելուց անհաջողության են մատնվում:
Օրինակ` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը ժամանակին ԽՍՀՄ հավաքականի կազմում պետք է ընկերական մենամարտերի մեկներ Ավստրիա: Դավիթը 55 կիլոգրամ էր եւ պետք է մեկ կիլոգրամ քաշ գցեր: Նա հրաժարվեց դա անել եւ չմեկնեց Ավստրիա:
Արթուր Աբրահամը կարո՞ղ է վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Այս մենամարտից ստացած տպավորությամբ` կարող եմ ասել, որ այո, կարող է: Երեւաց, որ աշխատանք է կատարվել: Արթուրը ցույց տվեց, որ նպատակը միայն հաղթանակն է: Նա արժանիորեն հասավ իր նպատակին: Բռնցքամարտում հաղթում է նա, որ օգտագործում է մրցակցի սխալները եւ պատժում է դիմացինին: Արթուրը դա արեց:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը




























