Վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքների վերաթաղման հարցը քննարկվել է տարբեր կազմակերպությունների` Արտաքին գործերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, հ/կ-ների ներկայացուցիչների հետ եւ միաձայն որոշել են, որ պետք է Պետրոս Դուրյանի մասունքները տեղավորեն Պանթեոնում պատրաստված պատի մեջ: Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե «մշակույթի նախարարը խնայում է Պանթեոնի տարածքը` Պետրոս Դուրյանի հաշվին եւ բանաստեղծի մասունքները ոչ թե թաղելու են, այլ պատի մեջ են զմռսելու»: Գայանե Դուրգարյանը նշեց, որ այս հարցի առնչությամբ նամակ է ուղարկվել Կոստանդնուպոլսի պատրիարքին` իմանալու նրա կարծիքը, եւ ստացել են պատասխան, որ իհարկե անհրաժեշտ է ամփոփել մասունքները, բայց հակաքրիստոնեական է ունենալ երկու գերեզման, քանի որ Պետրոս Դուրյանն ունի իր գերեզմանը Սկյութարում:
«Այդ պատճառով նպատակահարմար է գտնվել, որպեսզի ամփոփվեն մասունքները Պանթեոնում` հատուկ նախատեսված պատի մեջ»,- ասաց Գայանե Դուրգարյանը: Հարցին, թե մասունքները «զմռսելը» հակաքրիստոնեական չէ՞, զրուցակիցս բարկացավ. «Ի՞նչ է նշանակում զմռսել, որ մարդուն թաղում եք, ի՞նչ եք անում, ես ուզում եմ ասել, երբ որ դուք հողի մեջ մարդուն թաղում եք, ի՞նչ եք անում, մասունքները չենք զմսռում, մասունքները ամփոփում ենք»:
Նա վստահեցրեց, որ հաշվի է առնվել տարբեր կողմերի կարծիքները, եւ ոչ Գրողների միությունը, ոչ էլ Դուրյանի գանգի երկարամյա պահապանը՝ Գրականության եւ արվեստի թանգարանը, դեմ չեն եղել այդ որոշմանը: Իսկ թե իրականում Պանթեոնում տարածք խնայելու խնդիր եղել է, թե` ոչ, նա խորհուրդ տվեց դիմել Երեւանի քաղաքապետարան:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ այս օրերին կրկին քննարկման առարկա է դարձել արեւմտահայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքների թաղման հարցը: Թերթերի փոխանցմամբ` դեռեւս 1959թ. Սկյութարի գերեզմանատանը, որտեղ թաղված էր բանաստեղծը, տեղափոխման ընթացքում Դուրյանի գանգն այն ժամանակվա Պոլսո պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կամոք առանձնացվում է մնացած մասունքներից եւ տարվում պատրիարքարան՝ ի պահ: Ըստ այդ լուրերի` կենսաբան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հարցին այլ լուծում է գտել. բանաստեղծի մասունքը ոչ թե թաղելու են, այլ… պատի մեջ են զմռսելու: «Հետաքրքիր է, ո՞րն է նման որոշման պատճառը: Չէ՞ որ քրիստոնեական ավանդույթներում մասունքները զմռսելու կարգ չկա: Էլ չասած, որ դրան դեմ են հանդես եկել ինչպես Գրողների միությունը, այնպես էլ Դուրյանի գանգի երկարամյա պահապանը՝ Գրականության եւ արվեստի թանգարանը: Ըստ ամենայնի, Պողոսյանի այս «նորամուծությունը» պայմանավորված է նրանով, որ պանթեոնի տարածքը սահմանափակ է, և չարժե այն «զանիտ անել» մի գանգի համար, եթե անգամ դա Պետրոս Դուրյանի գանգն է»,- գրել է թերթերից մեկը:




























