Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջhանգիրյանն անդրադարձել է նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի հայտարարությանը, ըստ որի նա հետ է վերցնում իր բողոքը Եվրադատարանից:

Այսօր` հունվարի 23-ին հայացած ասուլիսում, այս խնդրին անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանը նախ ներողություն խնդրեց Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանից, ապա նշեց, որ Էլբակյանը նամակ է ուղարկել ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի աշխատակից Արմեն Խաչատրյանին, որտեղ ասվում է. «Բարեւ Արմեն ջան, էդ ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է էդ թեման տվել, էդտեղ էդ ի՞նչ խոսակցություններ են գնում: Ես տեղյակ չեմ, Հայաստանում չեմ, կամ ի՞նչ կապ ունի Սուրիկը իմ պայմանագրի կամ եվրաբողոքի հետ: Ես որ գամ պիտի ասեմ, որ եվրաբողոքի հետ վերցնելը, եթե ինքը ունի նման ցանկություն, ի՞նչ կապ ունի այս գործի հետ»:

Նշենք, որ խոսքը ՀԱԿ-ի կողմից քաղբանտարկյալների փաստաբաններին գումարներ չվճարելու մասին է, որի մասին գրել է մամուլը:

Հարցին, թե ՀԱԿ-ը փաստաբաներին արդյոք գումարներ պա՞րտք է, թե` ոչ, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը ոչ բանկ է, ոչ էլ վարկային կազմակերպություն: Ես պիտի նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն փաստաբաններին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցել են Հայ Ազգային կոնգրեսի հետ եւ ես պիտի ասեմ, որ նրանցից շատ-շատերը անհատույց են աշխատել: Ես չգիտեմ որեւէ փաստաբանի, որը բողոքած լինի: Այդ պայմանագրերը չեն կնքվում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի հետ, այլ կնքվում են բանտարկյալների հարազատների հետ, վճարումները կատարում են այդ հարազատները: Եթե ինչ-որ ՀԿ-ի կամ անհատ բարեգործների միջոցներից վճարվել են դրա համար, Կոնգրեսը պատասխանատվություն չի կրում: Մենք այդպիսի տեղեկություն չունենք»: Ինչ վերաբերում է Սուրեն Սիրունյանին, Ջհանգիրյանն ասաց, որ նա իր եվրոպական բողոքի վճարումներից բացարձակ անտեղյակ է, նաեւ անտեղյակ է շատ հանգամանքներից, երբ ինքը եղել է «հայտնի տեղերում», այդ խնդիրները լուծել են այլ մարդիկ: