2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները չեն մասնակցելու վաղը` հունվարի 24-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք հերթական նիստին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
Նշենք, որ նախորդ նիստին` հունվարի 18-ին, դատավոր Սամվել Մարդանյանը սպա Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծովինար Նազարյանը նշեց, որ Տավուշ տեղափոխված գործը բուն գործի քննությունն է, վկաների հարցաքննումը եւ այլն: Բայց դրանից` կա նաեւ մեկ այլ գործ, երբ տուժող կողմը դատի է տվել նախաքննական մարմնին` նյութերը իրենց չտրամադրելու համար: Այդ գործով Արտակ Նազարյանի հարազատները բողոքարկել են այն բանի սահմանադրականությունը, որ «նախաքննության գաղտնիություն» հասկացությունը վկայակոչելով՝ նախաքննական մարմինը քրեական գործի նյութերը չէր տրամադրում տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին: Բողոքարկումներն անցել են երեք դատական ատյաններով`Ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ, իսկ վաղը Սահմանադրական դատարանում կվիճարկեն այդ օրենսդրական դրույթի մեկնաբանությունը:
Նշենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը: Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:



























