Հունվարի 28-ին, ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի օրը, Երեւանի կենտրոնում, երեկոյան ժամը 18:30-ին բողոքի լուռ ակցիա է կազմակերպվել, որին մասնակցել են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստներն ու բազմաթիվ քաղաքացիներ:

Նրանք մոմերով, սպանված զինվորների նկարներով ու պաստառներով շարժվել են Ազատության հրապարակից եւ Հյուսիսային պողոտայով հասել են մինչեւ Հանրապետության հրապարակ: Նրանց ձեռքին եղել են պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Մենք չդարձանք 20 տարեկան», «Բռնության բացակայությունը մեր ուժն է»:

Երթի մասնակիցները անցորդներին թռուցիկներ են բաժանել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայկական Զինված ուժերում ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները: Զինծառայողներից շատերը ենթարկվում են ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի իրենց վերադասների եւ այլ ծառայակիցների կողմից: Արդյունքում նրանցից շատերը տուն են վերադառնում խեղված առողջությամբ: Իսկ ոմանք այդպես էլ չեն վերադառնում: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան հանգամանքները, որպես կանոն, կոծկվում են Պաշտպանության նախարարության եւ զինվորական դատախազության ջանքերով, սպանությունները ներկայացվում են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, չեն պատժվում մեղավորները, կազմվում են կեղծ մեղադրանքներ:

Արդյունքում բանակում իշխող փոխհարաբերությունները ոչ կանոնադրային են եւ հենված են անպատժելի բիրտ ուժի վրա: Բանակի բարձր ղեկավարությունը այս խնդիրներին արմատական լուծում տալու փոխարեն գերադասում է թաքնվել պաթետիկ լոզունգների հետեւում: Բայց դա չի երաշխավորում ոչ մի զինծառայողի ողջ-առողջ վերադարձն իր տուն»:

Լուսանկարը` Սվետլանա Անտոնյանի