Կիևի ֆինանսավորման հարցում Եվրոպան մնացել է առանց ԱՄՆ աջակցության և դեռևս պարզ չէ, թե ինչպես է բաշխվելու հաջորդ տարի նրա կողմից ծախսվելիք 60 միլիարդ եվրոն, գրում է Corriere della Sera թերթը։
Պարբերականը նշում է, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը մինչ օրս աճել է՝ 2022 թվականի 74 միլիարդ եվրոյից 2023 թվականին հասնելով 79 միլիարդ եվրոյի և 89 միլիարդ եվրոյի 2024 թվականին, ընդ որում՝ ԱՄՆ բաժինը մի փոքր ավելի մեծ է, քան եվրոպական բաժինը։
«Այժմ Եվրոպան մենակ է մնացել Կիևի բյուջեի աջակցության հարցում, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է բոլոր փոխանցումներն ու վարկերը: Անհասկանալի է մնում, թե ինչպես են ֆինանսավորվելու Կիևի բյուջետային կարիքները, որոնք պակասում են առնվազն 60 միլիարդ եվրոյով», - գրում է պարբերականի սյունակագիր Ֆեդերիկո Ֆուբինին:
Հղում կատարելով ուկրաինական աղբյուրներին՝ նշում է, որ ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունը օգտագործում է իր ներուժի միայն մեկ երրորդը՝ միջոցների պակասի պատճառով։ Հետևաբար, Եվրոպայի համար չափազանց կարևոր է գտնել սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու միջոց, գտնել առնվազն 140 միլիարդ եվրո, որը, հեղինակի պնդմամբ, կարող է լուծել «հակամարտության ապագան»՝ թույլ տալով «Կիևին կռվել ևս առնվազն երկու տարի»։
Միաժամանակ նշվում է, որ Եվրոպայում այս հարցի շուրջ միաձայնություն չկա. Գերմանիան, Հյուսիսային Եվրոպայի երկրները և Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը վճռական են տրամադրված ռուսական ակտիվների հաշվին Կիևին վարկ տրամադրելու հարցում, մինչդեռ Ֆրանսիան և Իտալիան զգուշություն և թերահավատություն են ցուցաբերում՝ չցանկանալով ֆինանսական պատասխանատվություն ստանձնել։
Եվրոպական միությունը քննարկում է սառեցված ռուսական 210 միլիարդ եվրոյի ակտիվների օտարման հնարավորությունը՝ Կիևին աջակցելու նպատակով, երկրների ղեկավարներն արդեն հանձնարարել են Եվրահանձնաժողովին մանրամասն ուսումնասիրել նման քայլի ռիսկերը։ ԵՄ-ի վերջին գագաթնաժողովում չի հաջողվել համաձայնության հասնել ռուսական ակտիվների օգտագործման հարցի շուրջ։ Որոշումը պետք է կայացվի մինչև տարեվերջ։




























