ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ նախկինում սահմանված մաքսատուրքերի վերացումը կարող է երկրին ավելի քան 3 տրիլիոն դոլարի վնաս պատճառել։

«ԱՄՆ Գերագույն դատարանին սխալ տվյալներ են տրամադրվել։ Եթե դատարանը մաքսատուրքերի դեմ որոշում կայացնի, ապա «հետընթացը», ներառյալ արդեն կատարված և ծրագրված ներդրումները, ինչպես նաև միջոցների վերադարձը, կգերազանցի 3 տրիլիոն դոլարը։ Նման հսկայական վնասը հնարավոր չի լինի հատուցել»,- գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ դա իրական սպառնալիք կլինի ազգային անվտանգության համար և կործանարար ազդեցություն կունենա երկրի ապագայի վրա։

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Գերագույն դատարանում մաքսատուրքերի գործով կայացած առաջին լսումների արդյունքներով The Washington Post թերթը հայտնել է, որ որոշ դատավորներ կասկածներ են հայտնել դրանց օրինականության վերաբերյալ։ Քննությունը սկսվել էր այն կապակցությամբ, որ բիզնեսի ներկայացուցիչների մի խումբ հայց էր ներկայացրել ԱՄՆ իշխանությունների դեմ՝ հայտարարելով, որ մաքսատուրքերն ապօրինի են և վնաս են հասցնում իրենց ընկերություններին։ Օգոստոսի 29-ին Կոլումբիայի դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը ճանաչել էր, որ Թրամփը անհրաժեշտ լիազորություններ չի ունեցել՝ իր կողմից հայտարարված բազմաթիվ մաքսատուրքեր սահմանելու համար։ Սեպտեմբերի 4-ին Թրամփի վարչակազմը դիմել էր Գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել նշված որոշումը։

Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները, ներառյալ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և առևտրային բանակցություններում ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, բազմիցս հայտարարել են մաքսատուրքերն օրինական ճանաչելու անհրաժեշտության մասին՝ բացատրելով, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն ԱՄՆ-ի առևտրային բանակցություններն այլ երկրների հետ և արդեն կնքված գործարքները։