Պերուի հարավում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով առնվազն 37 մարդ է մահացել, հաղորդել է RPP ռադիոն։
«Ցավոք, վթարի վայրում հաստատվել է 36 մարդու մահը, իսկ ևս մեկը մահացել է հիվանդանոցում։ Սա, հավանաբար, վերջնական զոհերի թիվն է»,- ռադիոկայանը մեջբերել է Արեկիպայի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Վալտեր Օպորտոյի խոսքերը։
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը բախվել է բեռնատարի, ապա դուրս է եկել ճանապարհից։ Իշխանությունները հետաքննում են վթարի հանգամանքները։ Ավտոբուսը Չալա քաղաքից ուղևորվում էր Արեկիպա։




























