Դանիայի Օրհուսի համալսարանի հոգեբանների անցկացրած նոր փորձն ապացուցել է, որ ներքին ձայնը՝ երբ մարդը մտքում խոսում է ինքն իր հետ, կարող է փոփոխություններ առաջացնել սրտի գործառույթներում, նույնիսկ երբ մարմինը լիովին անշարժ է։ Հետազոտությունը հրապարակվել է Psychophysiology բժշկագիտական հանդեսում։

Գիտնականները վաղուց գիտեին, որ ներքին ձայնն օգնում է մարդկանց կենտրոնանալ, որոշումներ ընդունել և կառավարել հույզերը։ Սակայն հարցն անպատասխան էր մնում. ի վիճակի՞ է արդյոք ներքին ձայնն անմիջականորեն ազդել ֆիզիոլոգիայի վրա։

Դա ստուգելու համար Միկկել Վալենտինի գլխավորած գիտնականների թիմը երկու փորձ է անցկացրել 18-75 տարեկան 90 կամավորների մասնակցությամբ։ Յուրաքանչյուր մասնակից պառկել է սրտի զարկերի մոնիտորներին միացված մահճակալի վրա և կատարել է երեք առաջադրանքներից մեկը՝ մտքում կրկնել դրական արտահայտություններ («Ես գլուխ կհանեմ», «Ինձ կհաջողվի»), մտքում կրկնել բացասական արտահայտություններ («Ես բավականաչափ լավը չեմ») կամ մտքում չեզոք արտահայտություններ կրկնել՝ պարզապես թվեր հաշվել։

Մասնակիցների շարժումները վերահսկվել են սենսորներով՝ սրտի զարկերի փոփոխությունների պատճառ հանդիսացող ֆիզիկական ակտիվությունը բացառելու համար։

Արդյունքն անսպասելի էր. հուզական ներքին ձայնը՝ թե՛ դրական, թե՛ բացասական, սրտի տրոփյունի արագացում էր առաջացրել մտավոր «զրույցի» սկսվելուց մոտավորապես 10 վայրկյան անց: Միջին աճը կազմում էր մեկ զարկից պակաս րոպեում, մինչդեռ ազդեցությունը վիճակագրորեն նշանակալի էր։

Հետազոտողները տարբերություն չեն հայտնաբերել դրական և բացասական արտահայտությունների միջև. ներքին ձայնի երկու տեսակներն էլ հավասարապես ակտիվացրել են ֆիզիոլոգիական արձագանքը: Արդյունքն անկախ էր դեպրեսիայի մակարդակից կամ տագնապալից մտորումների հանդեպ հակվածությունից։

«Նույնիսկ երբ մենք բառերով չենք արտահայտում կամ շարժում չենք անում, ուղեղն ու մարմինն արձագանքում են հուզական մտքերին: Մեր ներքին երկխոսությունը բառացիորեն արտացոլվում է մեր սրտի շխատանքի ռիթմերի մեջ»,- նշել է Միկկել Վալենտինը։