Վրաստանի և Թուրքիայի համապատասխան ծառայությունների կողմից երեք օր տևած անդադար որոնողական գործողություններից հետո, Սիղնաղի մունիցիպալիտետում և հարակից տարածքում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վայրում և ինքնաթիռի շրջակայքում հայտնաբերվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 20 անձանց մարմինները, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։

«Գտնվել են անձնակազմի բոլոր 20 անդամների մարմինները։ Երեկ 19 մարմին տեղափոխվել է դիահերձարան։ Մոտ կես ժամ առաջ գտնվել է նաև 20-րդ մարմինը։ Տեղում շարունակում են աշխատել դատաբժշկական փորձագետները և քննչական խումբը։ Քննության համար նշանակություն ունեցող բոլոր տեխնիկական միջոցներն ու ինքնաթիռի բեկորները զննվել են, փորձաքննությունները շարունակվում են։ Քննչական և փրկարարական միջոցառումներին մասնակցել են ավելի քան 1000 մարդ, ինչպես վրացական, այնպես էլ թուրքական կողմերի ներկայացուցիչներ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներին, Պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին և թուրքական կողմին՝ կատարված աշխատանքի համար», — հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն։

Թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 11-ին՝ Վրաստանի պետական ​​սահմանից մոտավորապես հինգ կիլոմետր հեռավորության վրա։