Ուրբաթ երեկոյան ԱՄՆ Թենեսի նահանգում ավտովթարի են ենթարկվել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի շքախմբին ուղեկցող երկու ավտոմեքենաները, ինչի հետևանքով ոստիկանության աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Associated Press-ը։
Քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն՝ Նոքսվիլից մոտ 27 կիլոմետր հարավ ընկած Մերիվիլ քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են նահանգի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը և Մերիվիլի ոստիկանական բաժանմունքի մոտոցիկլետիստը։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց։
Նոքսվիլում ԱՄՆ Գաղտնի ծառայության մշտական ներկայացուցիչ Քեթրին Փիրսը հայտարարել է, որ գործակալությունը ուշադիր հետևում է իրավիճակին։
«Այս միջադեպը չի ազդել մեր բաժանմունքների անվտանգության և տեղաշարժի վրա», - ասվում է նրա հայտարարության մեջ։
Թենեսիի ճանապարհային պարեկությունը հետաքննություն է անցկացնում։




























