Մեխիկոյում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 120 մարդ, այդ թվում՝ 100 ոստիկան, հաղորդում է BBC News-ը։

Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ Մեքսիկայի մայրաքաղաքում երթ են անցկացրել՝ բողոքելով բռնի հանցագործությունների և երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարության դեմ։

Շեյնբաումը հայտարարել է, որ երթերը, որոնք անցկացվել են նաև այլ քաղաքներում, ֆինանսավորվել են աջակողմյան քաղաքական գործիչների կողմից, որոնք հանդես են գալիս իր կառավարության դեմ։

Հավաքը կազմակերպել են «Z սերունդ» երիտասարդական խմբերը՝ քաղաքացիների աջակցությամբ, որոնք բողոքում էին աղմկահարույց սպանությունների դեմ, այդ թվում՝ մի քանի շաբաթ առաջ Ուրուապանի քաղաքապետ Կառլոս Մանզոյի սպանության, որը կոչ էր անում խիստ միջոցներ ձեռնարկել կարտելների դեմ։

Ցուցարարները քանդել են Ազգային պալատը շրջապատող պատնեշի որոշ հատվածներ, որտեղ բնակվում է Շեյնբաումը։ Համալիրն ապահովող ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ ամբոխի դեմ։

Իշխանությունները ձերբակալել են 20 մարդու՝ հանցագործությունների, այդ թվում՝ կողոպուտների և հարձակումների համար, լրագրողներին է տեղեկացրել Մեխիկոյի անվտանգության ծառայության ղեկավար Պաբլո Վասկեսը։ Ցուցարարները թափահարում էին պաստառներ՝ «Մենք բոլորս Կառլոս Մանզո ենք» գրությամբ, իսկ ոմանք կովբոյական գլխարկներով էին՝ ի նշան հարգանքի նրա հանդեպ։

Մանզոն սպանվել է նոյեմբերի 1-ին՝ «Մեռյալների օրը» փառատոնին մասնակցելիս։ Նա հայտնի էր քաղաքում գործող թմրամիջոցների վաճառքով զբաղվող խմբերի և կարտելների բռնության մասին իր բացահայտ հայտարարություններով։

Նա պահանջում էր խիստ միջոցներ զինված կարտելների անդամների դեմ, որոնք ահաբեկում են երկիրը։ Շեյնբաումը հանդես է եկել կարտելների դեմ, սակայն դիմադրել է թմրանյութերի դեմ նոր համապարփակ պատերազմի կոչերին։ Նրա նախորդների փորձերը ավարտվել են արյունալի հետևանքներով։