Շաբաթ օրը Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցը տարհանվել է՝ զբոսաշրջիկների ընտանիքի հնարավոր թունավորման դեպքից հետո, որի հետևանքով մահացել են մայրը և երկու երեխան, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
BirGun թերթի հաղորդմամբ՝ բոլոր հյուրերը, որոնք մնում էին այդ հյուրանոցում՝ Ստամբուլի պատմական թերակղզու մոտակայքում, տեղափոխվել են այլ հյուրանոցներ։
Նույն հյուրանոցում բնակվող ևս երկու զբոսաշրջիկ շաբաթ օրը տեղափոխվել են հիվանդանոց՝ սրտխառնոցի և փսխման գանգատներով, գրում է թերթը՝ առանց մանրամասներ հայտնելու։ Ընտանիքը թունավորվել է չորեքշաբթի՝ Օրթաքոյի ծովափնյա շրջանում՝ Բոսֆորի վրայով անցնող կամրջի ստորոտում, մի քանի հայտնի փողոցային կերակուրներ ուտելուց հետո։
Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, սակայն երկու երեխաները՝ վեց և երեք տարեկան, մահացել են հինգշաբթի, իսկ մայրը՝ մեկ օր անց, հայտնել է արդարադատության նախարարը։ Ընտանիքի հայրը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել է Ստամբուլի առողջապահության տարածաշրջանային վարչության ղեկավար Աբդուլլա Էմրե Գյուները՝ ուրբաթ ուշ երեկոյան։
Տարբեր լրատվամիջոցներում նշվել են տարբեր սննդատեսակներ, որոնք ենթադրաբար կերել է ընտանիքը։ Սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի առաջին հարկի սենյակը վերջերս մշակվել է թունաքիմիկատներով, հայտնել է Hurriyet-ը շաբաթ օրը։
Ոստիկանությունը ձերբակալել է հյուրանոցի աշխատակցին և վնասատուների դեմ պայքարող երկու մասնագետի, ինչի արդյունքում գործով ձերբակալվածների թիվը հասել է յոթի։
Ըստ հաղորդման, ընտանիքը եղել է թուրքական ծագմամբ, սակայն բնակվել է Գերմանիայում։ Նրանք Ստամբուլ էին ժամանել արձակուրդն անցկացնելու նպատակով։




























