ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի (ԴՀԲ) տվյալներով՝ շաբաթ օրը դաշնային իշխանությունները Նյուարկում ձերբակալել են մի տղամարդու, որը բեյսբոլի մահակ օգտագործելով՝ փորձել է ներթափանցել դաշնային շենք, որտեղ գտնվում է ԱՄՆ Նյու Ջերսիի ժամանակավոր դատախազ Ալինա Հաբայի գրասենյակը, հաղորդում է Bloomberg-ը։
Կասկածյալը՝ 51-ամյա Քիթ Մայքլ Լայզան, փորձել է մահակըձեռքին չորեքշաբթի ներթափանցել շենք, սակայն դատարանի անվտանգության ծառայողները նրան կանգնեցրել են։
Ավելի ուշ նա վերադարձել է առանց մահակի, բարձրացել է այն հարկ, որտեղ գտնվում է Հաբայի գրասենյակը, սկսել է անկապ գոռգոռալ և վնասել գույքը՝ նախքան փախուստը, հայտնել է բյուրոն։ Հաբան չի տուժել։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ ձերբակալումը իրականացվել է ԴՀԲ-ի, ԱՄՆ Դատարանների դաշնային ծառայության և Ազգային անվտանգության հետաքննական մարմինների կողմից։
«Մեր ամերիկացի դատախազներին սպառնալը կամ ահաբեկելը, ինչպես նաև նրանց գրասենյակների ավերումը, անպատիժ չի մնա», – նշված է Բոնդիի հայտարարությունում։
Այս միջադեպը դարձել է այս տարի ԱՄՆ-ում քաղաքական դրդապատճառներով կատարված հարձակումներից մեկը։ Անցած ամսին Նյու Յորքի բնակիչը ձերբակալվել էր՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսին սպանելու սպառնալիքների համար՝ կապված կառավարության փակման մեջ նրա դերակատարության հետ։
Ավելի վաղ Մինեսոտայի նահանգային խորհրդարանի նախկին խոսնակը և նրա ամուսինը մահացու վիրավորվել էին իրենց տանը, իսկ Փենսիլվանիայի նահանգապետ, դեմոկրատ Ջոշ Շապիրոն և նրա ընտանիքը կարողացել էին խուսափել իրենց նստավայրի հրկիզման փորձից։ Սեպտեմբերին Յուտայի նահանգի համալսարանական տարածքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ սպանվել էր պահպանողական քաղաքական մեկնաբան Չարլի Քըրքը։





























