Կիրակի օրը Ճապոնիայի ամենամեծ արևմտյան կղզում՝ Կյուսյուում գտնվող հրաբուխը ժայթքել է մի քանի անգամ՝ մինչև 4.4 կիլոմետր բարձրության ծխի ու մոխրի սյուն արտանետելով և հանգեցնելով տասնյակ ավիաչվերթների չեղարկմանը, հաղորդում է Reuters-ը։
Հրաբուխը, որը կոչվում է Սակուրաջիմա և գտնվում է Կյուսյու կղզու հարավային ծայրամասում՝ Կագոսիմա քաղաքի մոտ, ժայթքել է մոտավորապես գիշերվա ժամը 1-ին՝ տեղական ժամանակով (շաբաթ օրը՝ 16։00՝ ըստ Գրինվիչի), հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA)։ Եվս երկու ժայթքում տեղի է ունեցել մոտավորապես 2։30-ին և 8։50-ին։
Kyodo գործակալության տվյալներով, սա առաջին ժայթքումն է վերջին գրեթե 13 ամսվա ընթացքում, որի բարձրությունը հասել է 4 կիլոմետրի կամ ավելի։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ Կագոսիմայի օդանավակայան ժամանող և այնտեղից մեկնող 30 չվերթներ չեղարկվել են՝ մոխրի թափման և դրա հետևանքների պատճառով։
JMA գործակալությունը հայտնել է, որ վերջին ժայթքումից հետո քամին հրաբխային մոխիրը տարել է հյուսիս-արևելք, և կիրակի օրը սպասվում է մոխրի թափում Կագոսիմայում, ինչպես նաև մոտակա Միյաձակի պրեֆեկտուրայում։ Սակուրաջիման Ճապոնիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, և տարբեր ինտենսիվությամբ ժայթքումները տեղի են ունենում պարբերաբար։ 2019 թվականին այն մոխիրը նետել է մինչև 5.5 կիլոմետր բարձրության։





























