Կորեայի Հանրապետությունում 13 մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, տեղական ժամանակով մոտավորապես 03:15-ին, երկրի հարավ-արևելքում գտնվող Յոնգչոն քաղաքի մոտակայքում՝ արագընթաց մայրուղու վրայի կամրջի վրա։ Վառելիքի ցիստերնով բեռնատար մեքենան բախվել է իրենից առաջ ընթացող և մետաղական գերաններ տեղափոխող մեկ այլ բեռնատարի։ Վթարը շղթայական բնույթ է ստացել. ցիստերնի հետ բախվել է ևս մեկ՝ 14 տոննա զանգվածով բեռնատար, իսկ դրան հաջորդել են ևս յոթ տրանսպորտային միջոցներ, ներառյալ մեկ ավտոբուս։ Ավտոբուսում եղել է 20 մարդ, ովքեր չեն տուժել։
Բախումից հետո մետաղական գերանները պարսպի վրայով ընկել են հանդիպակաց երթևեկելի գոտի։ Դրա պատճառով վթարի մեջ են ընկել ևս երեք մեքենա։ Զոհերի թվում է եղել նաև հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող մեքենայի վարորդը։ Երկրորդ մահացածը փոքր բեռնատարի վարորդն է եղել, որը նույնպես եղել է յոթ մեքենաների շարքում։
Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, որի ժամանակ այրվել են երեք մեքենա, ներառյալ ավտոցիստեռնը։ Կրակը հանգցվել է մոտավորապես 2 ժամ 30 րոպե անց։ Մեքենաներից մեկով տեղափոխվող մազութը թափվել է մինչև մոտակա ջրամբարը և բրնձի դաշտը։



























