Ղազախստանի Թուրքեստանի մարզում երկհարկանի մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ ինը երեխա։ Այս մասին հայտնում է մարզի Արտակարգ իրավիճակների դեպարտամենտը:

«Հաղորդում է ստացվել Ժետիսայի շրջանի Ալղաբաս գյուղի երկհարկանի մասնավոր բնակելի տանը բռնկված հրդեհի մասին։ Հրդեհի հետախուզման և մարման ընթացքում տնից դուրս են բերվել երեք անգիտակից մարդ, որոնք հանձնվել են շտապօգնության բրիգադին։ Ներսում հայտնաբերվել է 12 զոհ, այդ թվում՝ 9 երեխա», - հայտնել են Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Սկսվել է հետաքննություն, պարզվում են հրդեհի պատճառները։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցություն է հայտնել հրդեհի ժամանակ զոհված մարդկանց համար, հայտնել են ղազախստանյան առաջնորդի մամուլի ծառայությունից։ Կառավարությանը և Թուրքեստանի մարզի վարչակազմի ղեկավարին հանձնարարվել է  զոհերի հարազատներին ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը և անցկացնել տեղի ունեցած ողբերգության պատճառների հետաքննությունը, ընդգծել են մամուլի ծառայությունում։