Վիետնամում առնվազն 90 մարդ զոհվել է, ևս 12-ը համարվում է անհետ կորած այն բանից հետո, երբ օրեր շարունակվող հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների, հայտնում է BBC News-ը։

Վիետնամի կառավարությունը հայտնում է, որ ամբողջ երկրում վնասվել է 186 000 տուն, սատկել է ավելի քան երեք միլիոն գլուխ անասուն։

Պաշտոնյաների վկայությամբ, վնասը կազմել է հարյուրավոր միլիոն եվրո։

Ըստ AFP գործակալության, լեռնային Դակլակ նահանգը լրջորեն տուժել է, ինչի հետևանքով նոյեմբերի 16-ից ի վեր զոհվել է ավելի քան 60 մարդ։

Ջրհեղեղները դարձել են եղանակային վերջին էքստրեմալ երևույթը, որը պատուհասել է Վիետնամը վերջին ամիսներին, այն բանից հետո, երբ «Կալմաեգի» և «Բուալոյ» թայֆունները հարվածել էին երկրին մի քանի շաբաթվա ընդմիջումով։

Ըստ պաշտոնյաների, կիրակի առավոտյան մոտ 258 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ հիմնական ավտոմայրուղիների և երկաթուղային գծերի հատվածները ողողվել են։ Առավել տուժած շրջաններում օգնություն ցուցաբերելու համար մոբիլիզացվել են զինվորական և ոստիկանական ուժեր։ Կառավարությունը հայտարարել է, որ ամենալուրջ հետևանքները գրանցվել են հինգ նահանգում՝ Կուանգնգայ, Ջիա Լայ, Դակ Լակ, Խանհոա և Լամ Դոնգ, որոնք գտնվում են Վիետնամի հարավում և հարավ-կենտրոնական մասում։

Վարչապետ Ֆամ Մին Չինը կիրակի առավոտյան վիրտուալ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Հարավային Աֆրիկայից, որտեղ մասնակցում էր G20-ի գագաթնաժողովին։

Ուրբաթ օրվա դրությամբ մի քանի շրջանում տեղումների քանակը գերազանցել է 1,5 մետրը, իսկ որոշ վայրերում՝ 5,2 մետրը, ինչը չի դիտվել 1993 թվականից ի վեր։

Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին անձրևները կդադարեն։

Վիետնամն ավելի խոցելի է դարձել եղանակային էքստրեմալ երևույթների նկատմամբ՝ մարդածին կլիմայական փոփոխությունների պատճառով, ինչը թայֆուններն ավելի հզոր և տարածված է դարձրել, պնդում են գիտնականները։