Ինդոնեզիայի Սեմերու հրաբխի վերջին շաբաթվա ժայթքումը ավերել է 21 տուն, հասարակական օբյեկտներ և 205 հեկտար գյուղատնտեսական հողեր․ երեք գյուղաբնակներ ծանր վնասվածքներ են ստացել, հայտնել է երկուշաբթի օրը երկրի բնական աղետների հետևանքների մեղմման ազգային գործակալությունը (BNPB)։

Jakarta Globe-ի հաղորդմամբ, հասարակական օբյեկտներ, այդ թվում բժշկական կենտրոն և էլեկտրական ենթակայան են վնասվել Սուպիտուրանգ, Օրո-Օրո Օմբո և Պենանգգալ գյուղերում։

Կիրակի դրությամբ երեք գյուղերի ավելի քան 500 բնակիչներ ապաստանել են դպրոցների շենքերում տեղակայված ժամանակավոր տարհանման կենտրոններում։

Ինդոնեզիայի զինված ուժերը (TNI)  650 զինվոր են ուղարկել տուժած շրջաններ՝ աջակցելու արտակարգ օգնության աշխատանքներին, ներառյալ հասարակական խոհանոցների կազմակերպումը, հրաբխային ավերակների մաքրումը և բնակիչներին վնասված տներից գույքը փրկելու գործում։

Ընդարձակ տարածքներ, հատկապես Բեսուկ-Կոբոկան գետի ավազանի երկայնքով, շարունակում են ծածկված մնալ մոխրով և հրաբխային նստվածքներով․ բազմաթիվ տներ թաղված են հողի տակ, իսկ ճանապարհները փակ են։

Իշխանությունները հայտարարում են, որ ավերակների մաքրումը ներկայումս ամենահրատապ խնդիրն է։ Էներգետիկայի և հանքային ռեսուրսների նախարարության երկրաբանական գործակալության տվյալներով, ժայթքումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ արտանետելով 2000 մետր բարձրությամբ մոխրի սյուն։

Լումաջանգի օկրուգի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն մինչև 2025 թվականի նոյեմբերի 26-ը՝ որպես նախազգուշական միջոց հետագա ժայթքումների դեմ։