Երեք ահաբեկիչ են սպանվել, երբ հարձակվել են Պակիստանի Փեշավար քաղաքի Սադդար շրջանում գտնվող Դաշնային ոստիկանության շտաբի վրա՝ երկուշաբթի առավոտյան, հայտնում է Dawn-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

«Սկզբում երեք զինված անձ փորձեցին հարձակվել շտաբի վրա։ Մեկ մահապարտ պայթեցրեց իրեն դարպասների մոտ, իսկ մյուս երկուսը փորձեցին ներթափանցել տարածք, սակայն սպանվեցին ոստիկանների կողմից», — ասել է Փեշավարի ոստիկանության սպա, դոկտոր Միան Սաիդ Ահմադը։

Անվտանգության ծառայությունների աղբյուրների համաձայն, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ին։ Նախ մահապարտը պայթեցրել է շտաբի դարպասները, իսկ մյուս երկուսը փորձել են ներս մտնել շենք, սակայն սպանվել են անվտանգության ուժերի կողմից։

Միջադեպի հետևանքով զոհվել են նաև երեք ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են։ Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Լեդի Ռեդինգի (LRH) հիվանդանոցում՝ Փեշավարի ամենամեծ պետական հիվանդանոցում, ինչպես նաև Խայբերի ուսումնական հոսպիտալում։