Հնդկաստանում ինը մարդ է ձերբակալվել 70 միլիոն ռուփի (800 000 դոլար) արժողությամբ հանդուգն կողոպուտից հետո, որի ընթացքում կենտրոնական բանկի աշխատակիցներ ներկայացած զինված անձինք թալանել են բանկոմատի ֆուրգոնը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Երկուշաբթի հարավային Բանգալոր քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է ևս երկու հոգու՝ ի լրումն ավելի վաղ ձերբակալված յոթի, և վերադարձրել է անցած շաբաթ գողացված գումարից 68,5 մլն ռուփի։

Գողերը ներկայացել են որպես Հնդկաստանի ռեզերվային բանկի աշխատակիցներ։ Նրանք կանգնեցրել են մեքենան՝ հայտարարելով, թե պետք է ստուգեն նման խոշոր գումարի փաստաթղթերը։

Ըստ ոստիկանության, գանձապահին և անվտանգության երկու աշխատակցի հրահանգել են նստել ամենագնացը, մինչդեռ հանցախմբի անդամներից մեկը վերահսկողության տակ է վերցրել ֆուրգոնը։

Ոստիկանությունը հայտնել է, որ հանցախումբը փոխել է տրանսպորտային միջոցները, օգտագործել կեղծ պետհամարանիշներ և կանխիկ գումարով արկղերը տեղափոխելու համար ընտրել տեսախցիկների նվազագույն ծածկույթով վայրեր։

Չորեքշաբթի լայնածավալ որոնողական գործողություն է սկսվել, որին մասնակցել է ավելի քան 200 ոստիկան Կառնատակա նահանգում և հարևան Կերալա, Թամիլնադ, Թելանգանա, Անդհրա-Պրադեշ և Գոա նահանգներում։