Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ են արձակվել Ազգային գվարդիայի երկու անդամների վրա։ Այս մասին հայտնել են ABC-ն և Associated Press-ը՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, ինչպես նաև Newsmax-ի լրագրող Մայք Քարթերը՝ հղում անելով Գաղտնի ծառայությանը։

Տուժածների ներկայիս վիճակը դեռևս անհայտ է։ CNN-ը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ առնվազն գվարդիայի մեկ անդամ։ Ավելի ուշ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հաստատել է, որ վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու անդամներ։

Կրակոցները տեղի են ունեցել 17-րդ և 1-ին փողոցների խաչմերուկում՝ Սպիտակ տնից ընդամենը մեկ թաղամաս հեռավորության վրա։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Հանցագործության վայրը շրջափակված է։

Ռոյթերսը հաղորդում է, որ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցների մասին։ Սպիտակ տունը ներկայումս գտնվում է մեկուսացման մեջ։

Հիշեցնենք, որ Ազգային գվարդիայի զորքերը Վաշինգտոնում տեղակայվել են օգոստոսի կեսերից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով՝ հանցավորության դեմ պայքարելու համար։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ նման միջոցառումները անհրաժեշտ են մայրաքաղաքում կարգուկանոն պահպանելու համար։